Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրֆայում ապրող իսլամացած հայը դատարանի միջոցով վերականգնել է իր հայությունը

Օգոստոս 11,2015 17:42

Արևմտյան Հայաստանում միլիոնավոր ծպտյալ հայերի մեջ քչերն են, որ կարողանում են վերականգնել իրենց ինքնությունը: Նրանց թիվը հազիվ է հասնում 100-ի: Այդ մարդկանցից է  Ուրֆայում՝ Սիվերեկում (Սև Ավերակ) կնոջ, երեխաների և թոռների հետ ապրող Հադի Գյումուշը: Նա իր հայությունը վերականգնել է թուրքական դատարանի միջոցով:

Հադի Գյումուշը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Դեռ մանկուց գիտեի, որ հայ եմ: 1980-ին ֆաշիստական գեներալները իշխանություն ձեռք բերեցին, և ինքս, ի հակասություն իշխանությունների, իմ հայության ինքնության վերականգնման համար պայքար սկսեցի: Մտածում էի, թե ինչու այլ ինքնությամբ պիտի ապրեմ: Այս որոշումը ստանալ հեշտ չէր. երկու տարի շարունակ պայքարում էի, և վերջապես թուրքական ամենավերին ատյանի դատարանը այդ որոշումը կայացրեց»:

Սակայն հայության ինքնության վերականգնումից հետո նրան հալածանքներ ու ճնշումներ էին սպասվում: Հադի Գյումուշը պատմեց, որ սպառնացել են մինչև անգամ իր ընտանիքին ու իրենց ազատել աշխատանքից. «Ես մանկավարժ էի աշխատում, սակայն երբ վերականգնեցի իմ հայությունը, ինձ դուրս հանեցին դպրոցից: Կրկին դիմեցի դատարան, և այս անգամ դատարանը որոշում կայացրեց, որ եթե ծագումով հայ ես, թուրք ու քուրդ երեխաներին չես կարող մանկավարժություն անել»:

Հայության վերականգնումը մեկ այլ դեպքում փրկել է Հադի Գյումուշին: Նա հիշեց, որ երբ քրդական ազատագրական պայքարի մասնակից է եղել, իրեն տարել են խոշտանգելու, սակայն, երբ իմացել են, որ հայ է, դուրս են հանել, թե ի՞նչ գործ ունես այստեղ: Այս դեպքում հասկացել են, որ հայի հետ գործ ունեն, ոչ թե թուրքի կամ քրդի: Թեև հետապնդումներին՝ Հադի Գյումուշի զավակները ևս վերականգնել են հայությունը: Հենց հալածանքների ենթարկված լինելու պատճառով էլ մեր զրուցակիցը պատմեց, թե երբ իրեն հացնում են որ ազգի ներկայացուցիչ է, մինչև հայ ասելը այս ածականներն է թվարկում. «այստեղ ամենա-ամենա տանջված, անտեսված վիրավորված և նսեմ ժողովրդի զավակ եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31