Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախագահը ազգային միասնության խորհրդանիշ է՝ օլիմպիական չեմպիո՞ն է, թե՞ Ճապոնիայի կայսր». Տիգրան Աթանեսյան

Օգոստոս 11,2015 17:03

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց. «Սա նոր Սահմանադրություն է, ոչ թե փոփոխություն: Վտանգը այս Սահմանադրության այն է, որ դե յուրե եւ դե ֆակտո իշխանության կենտրոնները կարող են լինել տարբեր տեղերում: Նա, ով կվերահսկի բացարձակ մեծամասնությունը, իսկ մենք գիտենք ով կհաղթի այդ ընտրություններում եւ ինչ ցուցակով, այսինքն, միանշանակ խոցելի եւ վերահսկելի կլինեն՝ անկախ իրենց արտաքին կերպարանքից, ով վերահսկեց այդ մեծամասնությունը, նա էլ կիշխի Հայաստանը: Դրա համար բացարձակ պետք չի, որ դու զբաղեցնես ինչ-որ պաշտոն: Դու կարող ես լինել ԱԺ նախագահ, Աշտարակի քաղաքապետ, ՀՀԿ նախագահ, պարզապես օրենքով գող, ով ուզում ես լինել, վերահսկելու ես Հայաստանը: Պետք չի այլեւս պաշտոն զբաղեցնել»:

Սահմանադրագետ Գաբրիել Բալայանի խոսքերով՝ ուրախալի է այն, որ Ազգային անվտանգության խորհուրդը գործադիր ֆունկցիա է ձեռք բերում, ի տարբերություն ներկայիս խորհրդի, որը չգիտենք ինչով է զբաղված. «Ներկայացված Սահմանադրության տեքստով, իմ կարծիքով, մենք գնում ենք դեպի կիսանախագահական հանրապետության: Իմ ձեւակերպմամբ, դա կիսանախագահական է, որովհետեւ եթե  նայում ենք, նախագահը շատ ու շատ լիազորություններ է պահպանում՝ դատավորներին նշանակում է նախագահը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը վարչապետի ներկայացմամբ նշանակում է նախագահը»:

Տիգրան Աթանեսյանը չհամաձայնեց Բալայանի հետ: Ըստ նրա, նախագահի լիազորությունների հետ կապված  ձեւակերպումները, որ խորհրդանիշ է միասնության եւ այլն, դրանք բոլորը ծուղակներ են. «Սահմանադրությունը կազմել են շատ խելացի մարդիկ, եւ այդ ծուղակները, վիճելի կետերը եւս միտումնավոր են դրել, որպեսզի ձեւացնեն ինչ-որ հասարակական քննարկման առկայություն: Վաղը կասեն՝ վայ, կներեք, հանեցինք: Գրել են՝ նախագահը ազգային միասնության խորհրդանիշ է՝ օլիմպիական չեմպիո՞ն է, թե՞ Ճապոնիայի կայսր: Հասկանալի էր, որ դա ծիծաղելի ձեւակերպում է եւ պետք է փոխվի: Որոշեցին, փոխեցին: Սա կազմակերպված խաղ է: Անգամ չես էլ ուզում նայել մեջը ինչ են գրել, որովհետեւ ի սկզբանե վիրավորական է: Վիրավորական է, որ նոր Սահմանադրություն, առանց դրա կարիքը լինելու, մշակում է ինչ-որ փակ հանձնաժողով, որից ոչ մեկս տեղյակ չենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31