Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում՝ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը կրկեսային մեծ տոն պարգևելով երևանցիներին ու հյուրերին:
Երևանյան հյուրախաղերը նվիրված են Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին։
«Հայաստանի տարբեր մարզերում Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ներկայացումներ ու համերգներ կազմակերպելուց հետո մեծ ցանկություն կար առավել բարձր մակարդակով այն տոնել Երևանում: Եվ երկար մտածում էի՝ ինչ կարելի է անել: Ահա այդ փնտրտուքների մեջ ուշադրությունս գրավեց «Իմպերիալ» շապիտո-կրկեսն իր հագեցած ծրագրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը (լուսանկարում):
Նա իսկական կրկեսային տոն է խոստանում հայ հանդիսատեսին, «Իմպերիալ» շապիտո-կրկեսի փոխտնօրեն Անդրեյ Միտաչկինն էլ խոստանում է զարմացնել մեզ:
Կարդացեք նաև
«Բավականին ծանր գրաֆիկի պատճառով հեշտ չէր Հայաստան գալը,- ասաց նա,- սակայն Սոս Պետրոսյանը կարողացավ հասնել իր ուզածին: Մենք առաջին անգամ ենք Երևանում, և եթե ամեն ինչ լավ լինի, գուցե հյուրախաղեր ունենանք նաև ՀՀ մարզերում: Արցախում ևս հանդես գալու մտադրություն կա»:
Արդյոք չե՞ն վախենում Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելուց:
«Մենք հարգում ենք մեր ընկերներին, իսկ հայերը մեր ընկերներն են: Ես չեմ ասում՝ ադրբեջանցիները մեր ընկերները չեն: Բայց կրկեսում քաղաքականություն չկա, իսկ եթե Ադրբեջանը կրկեսային արվեստը դիտարկում է քաղաքականության տեսանկյունից, ապա դա իր խնդիրն է»,- պատասխանեց Անդրեյ Միտաչկինը:
Հավելենք, որ «Իմպերիալ» շապիտո-կրկեսի ելույթները կկազմակերպվեն Կոմիտասի այգու տարածքում (նախկին Դելֆինարիումի տեղում)։
Տոմսերը կարժենան 2000-5000 դրամ: Իսկ մանկատան սաների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար մուտքն ազատ կլինի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ