Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են մարդկանց երկարականջի տեղ դնել եւ ականջներից լապշաներ կախել». Արա Պապյան

Օգոստոս 11,2015 15:20

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին, կարծիք հայտնեց, որ ամեն ինչ շատ վատ է եւ վատ է լինելու Հայաստանի համար:

Aravot.am-ի հարցին՝ ոչ մի լավ բան չկա՞, որովհետեւ իշխանություններն ասում են, որ այդպես ասելով ու գրելով, որ ամեն ինչ վատ է՝ գաղջ մթնոլորտ է ձեւավորվում եւ մարդիկ արտագաղթում են, Արա Պապյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, մարդիկ արտագաղթում են ոչ թե մարդկանց ասելով: Սովետի ժամանակ ասում էին՝ ամեն ինչ լավ է, լավ է, բայց էլի արտագաղթ կար: Այսինքն, կապ չունի ասելը: Գիտեք, մարդիկ խելք ունեն: Հիմա որ ասում ենք վատ է, ես երկար ժամանակ ապրել եմ արեւմտյան երկրներում, այնտեղ էլ են ասել վատ է, մի կարծեք, թե ասում են՝ լավ է: Ես զարմանում եմ ինչի են ասում, բայց այնտեղ էլ լրագրողները գրում են, որ վատ է բանակում, որովհետեւ վերցրել են զինվորի երեսին մածուկ են քսել: Իրենց համար դա է վատը: Կամ ասում են՝ կաշառակերություն կա, որովհետեւ  չգիտեմ ինչ մի գյուղապետ մի գյուղում ինչ-որ բան է արել: Չափանիշներն են տարբեր: Ինձ համար ամենամեծ չափանիշը արտագաղթն է: Մարդիկ լավ երկրից չեն գնում: Նախանցյալ  տարի արտագաղթել է կարծեմ 42 հազար մարդ, անցյալ տարի՝ 47 հազարից ավելի, այս տարի այս կես տարվա մեջ՝ արդեն 40 հազար: Ի՞նչ է, ձեր կարծիքով մարդիկ արտագաղթում են իմ ասելով կամ ձե՞ր ասելով, չէ՛: Ես մարդ գիտեմ, որ 2,5 հազար դոլար աշխատավարձ էր ստանում, էլի գնաց, որովհետեւ ասեց՝ ես հոգնել եմ այս մթնոլորտից, կեղծիքից, ստից, երբ որ ես իմ առօրյա կյանքում, փողոցում տեսնում եմ մի իրականություն եւ լսում եմ մեկ այլ իրականություն, երբ իմ ականջին փորձում են լապշաներ կախել: Միգուցե մարդիկ հենց դրանից են հոգնել, որ ոչ թե իրենց ճշմարտությունն է ասվում, այլ փորձում են մարդկանց երկարականջի տեղ դնել եւ խաբել: Մարդկանց խաբում են»:

Նա խորհուրդ տվեց՝ ՓՄՁ-ներին հարցնել՝ ձեր շրջանառությունը կրճատվե՞լ է. «Չկա մի ոլորտ, որ ասեն լավ է: Մնացածը թե թղթերի վրա ինչ կարելի է գրել՝ չգիտեմ: Ամեն ինչ կարելի է անել: Էլեկտրականության գինը օգոստոսի 1-ից 17%-ով թանկացավ, ո՞նց կարող է լավ լինի կյանքը, երբ պիտի ավելի շատ վճարենք, որը բերելու է ամեն ինչի թանկացման: Իսկ ինչի՞ է թանկանում, որովհետեւ ինչ-որ մարդիկ թալանեցին: Եվ փոխանակ այդ մարդկանց մենք բանտը դնենք, ծախում ենք մեր սեփական գույքը եւ այդ գույքի փողով ուրիշի գողացածն ենք մասամբ ուզում փակել: Այսինքն, գողին ենք մենք ֆինանսավորո՞ւմ: Ակնհայտ է չէ, ասվեց տարբեր մակարդակներով, որ տեղի է ունեցել հափշտակություն: Սա ոչ թե պարզապես վատ կառավարում է: Սա թալան է: Եվ այդ մարդիկ փոխանակ նստեին բանտերում, իրենց ֆինանսավորում են: Դրա համար էլ վատ է ամեն ինչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31