Փորձագետը` Հովիկ Աբրահամյան- Իրակլի Ղարբաշվիլի փոխհարաբերությունների մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս Վրաստան կատարած աշխատանքային այցը , վրացագետ Ջոնի Մելիքյանը բավական ուշագրավ է համարում հատկապես մի քանի ամիս առաջ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակի` Հայաստան կատարած այցից հետո:
Հիշեցնենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել էր Անատոլի Բիլիլովի հետ, ինչը ՀՀ-ի եւ Վրաստանի հարաբերություններում կարող էր սկանդալի վերաճել: Դրությունը փրկել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ով իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել վրացի գործընկերոջ` Իրակլի Ղարիբաշվիլլի հետ: Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Աբրահամյանը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով Հայաստանի բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները Թբիլիսիի հետ:
Կարդացեք նաև
Այնուհետ, ՀՀ վարչապետի այցը Աջարիա եւ Ղարիբաշվիլիի հետ Բաթումիով զբոսնելը, ըստ փորձագետի, եվս մեկ հավաստումն էր նրա, որ պաշտոնական Երեւանը չի վերանայել Թբիլիսիի հետ իր հարաբերությունները:
Ընդհանրապես, փորձագետի գնահատմամբ, ՀՀ եւ Վրաստանի վարչապետների միջեւ ստեղծվել են այնպիսի հարաբերություններ, որոնք փոխադարձ հաճելի են եւ շահավետ. կան հարցեր եւ խնդիրներ, որոնք իրենք պատրաստակամ են լուծել: Դրանով է նա պայմանավորում Թբիլիսիում կայանալիք 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը: Ադրբեջանը, հիշեցնենք, մասնակցում էր ԱԺ նախագահի մակարդակով: Սակայն, ՀՀ եւ Վրաստանի վարչապետների փոխադարձ ջերմ վերաբերմունքը բավական ակնհայտ էր:
Փորձագետը նկատում է, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայ-վրացական հարաբերությունները մշտապես կարգավորվել են ամենաբարձր մակարդակով`նախագահների: Բայց այժմ, քանի որ Վրաստանը պառլամենտական երկիր է, ու երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է, հայ-վրացական հարաբերությունները բավական բարեհաջող զարգանում են վարչապետների մակարդակով:
Ամփոփելով վարչապետի ` Վրաստան կատարած վերջին այցի արդյունքները, Ջոնի Մելիքյանը հատկապես կարեւոր է համարում երկու երկրների վարչապետների համատեղ այցը Դարիալի (Կազբեկի) եւ ձեռք բերված պայմանավորվածությունը` անցակետի աշխատանքային ժամանակը եւս 3 ժամով երկարաձգելը: Այն կգործի 05:30-ից մինչեւ կեսգիշեր, ինչը թույլ կտա խուսափել կուտակումներից եւ առաքվող ապրանքները անխափան եւ ժամանակին տեղ հասցնել:
«Այս ամենում առաջնայինն այն է, որ երկու երկրների վարչապետները ցույց են տալիս, որ հայ-վրացական հարաբերություններում երրորդ երկրները դերակատարում չունեն: Մենք չունենք խնդիրներ, կան որոշակի դժվարություններ, որոնք ժամանակի մեջ լուծում են ստանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ