Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն կրկնակի սնանկացել է, փող չկա, ինչի՞ հիման վրա պետք է լավ լինի». Արա Պապյան

Օգոստոս 11,2015 14:29

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը, Հայաստան-Իրան հարաբերություններին անդրադառնալով ասաց, որ Վրաստան-Հայատան-Նախիջեւան-Իրան երկաթգծի գործարկման հետ կապված պետք է ջանքեր թափի հայկական կողմը, «Դա բավականին նպաստավոր է ՀՀ-ի համար: Եթե  Ադրբեջանը համաձայնվի գործարկել, դա նշանակում է, որ ՀՀ-ն կապաշրջափակվի, եթե չհամաձայնվի, իր դեմ կտրամադրի բոլոր ուժերին, որոնք շահագրգռված են երկաթուղու շահագործման համար: Եթե մենք նախաձեռնողականություն չցուցաբերենք, կարող ենք ուշանալ»:

Ըստ Արա Պապյանի` ոգեւորված խոսում էին, թե հիմա ԵՏՄ  ենք մտնում եւ մեր առջեւ 170 մլն-անոց շուկա է բացվում եւ Հայաստանը դառնում է դրախտավայր. «Բայց այսօր լրիվ հակառակ էֆեկտն ունեցանք: Այսօր ակնհայտ է, չէ՞, որ ՀՀ-ում տնտեսական վիճակն ավելի վատ է: Առաջին կիսամյակի հետ համեմատած մենք 150 մլն դոլար եկամուտները պակաս ենք հավաքել: Հետեւաբար Աստծո շնորհն էր Իրան-Արեւմուտքի հարաբերությունների բարելավումը: Սա մեր հնարավորությունն է, բայց հնարավորությունը կարող է մնալ հնարավորություն, եթե չկարողանաս օգտվել»:

Հարցին՝ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խնդիրներ չի՞ առաջացնի Իրանի հետ հարաբերություններում, նա պատասխանեց. «Խնդիրներ, իհարկե, կառաջացնի եւ առաջացնում են: Պիտի հստակ հասկանանք` երբ դուք անդամակցում եք ԵՏՄ-ին, Հայաստան-Իրան սահմանը դադարում է լինել ՀՀ-Իրան սահման, դառնում է ԵՏՄ-ի սահման՝ համապատասխան ընթացակարգերով: Մենք պիտի կարողանանք գտնել Իրանի հետ աշխատելու մոդուսը: Իրանը հիմա աշխարհին պիտի գազ մատակարարի, իսկ մենք մնալու ենք կտրված այդ ամբողջից, որովհետեւ ճիշտ քաղաքականություն չենք իրականացրել: Այո, շահերի բախում կա ռուսական եւ իրանական: Եվ այն լավատեսությունը, որ ասում են՝ լավ կլինի, Իրանում նախ լուրջ մարդիկ են, հաշվել գիտեն»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ տնտեսագետները վստահեցնում են, որ ԵՏՄ անդամակցության հարցով դեռ ժամանակը չէ գնահատականներ տալ, որ դեռ սաղմնային վիճակում է միությունը, նոր ենք անդամ դարձել եւ չենք ադապտացվել, Արա Պապյանը պատասխանեց. «Ընդհանրապես, երբ մի միության մեջ որեւէ մեկը մտնում է, նախապես այդ ամբողջը կազմվում է: ԵՄ-ի հետ փաստաթուղթը 1000 էջից ավելի էր եւ բանակցված էր ամեն ինչ: Նախ բանակցում ես` հետո ես մտնում: Ես չգիտեմ վաղը ինչ կլինի: Իրենք ասում են՝ լավ կլինի, ես էլ ասում եմ՝ վատ կլինի: Ասելով չի, կա փաստ: Փաստն այն է, որ 40 տոկոսով կրճատվել է մեր առեւտուրը ՌԴ-ի հետ, որովհետեւ ռուսական ռուբլու գնողունակությունը կրկնակի ընկել է: Մարդիկ կան, որ ապրանք են տարել ՌԴ, հետ են բերում, որովհետեւ այդ գնով վաճառելն իրենց ձեռք չի տալիս: Ես չգիտեմ ինչի հիման վրա է այդ լավատեսությունը, բայց մի բան ակնհայտ է՝ նավթի եւ գազի գները ընկնում են: Ռուսական բյուջեով ամեն մի բարել նավթի գինը հաշվարկված էր 96 դոլար, բայց այսօրվա դրությամբ ՌԴ-ի բյուջեն կիսվել է: Հիմա եթե ՌԴ-ն կրկնակի սնանկացել է, փող չկա, ինչի՞ հիման վրա պետք է լավ լինի: Արդեն սանկցիաների 2-րդ, 3-րդ փուլն են հասել, մենակ պանրի դեմ պայքարը չի: Որ ասում են լավ կլինի՝ տա Աստված, դա գիտելիքի հարց չի, որ տնտեսագետներն ասում են, դա հավատի հարց է: Տա Աստված, որ լավ լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31