Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցները՝ ադրբեջանցի լրագրողի սպանության մասին

Օգոստոս 11,2015 12:11

Օգոստոսի 8-ին «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատների կողմից ծեծի ենթարկված եւ հաջորդ օրը հիվանդանոցում մահացած լրագրող Ռասիմ Ալիեւի դեպքին արձագանքել են մի շարք միջազգային կառույցներ:

Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ցնցված է լրագրողի սպանությամբ. « Շատ մտահոգիչ է, որ լրագրողների անվտանգությունը երկրում հետզհետե վատանում է: Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին լիարժեք եւ անհապաղ հետաքննություն անցկացնեն սպանության առնչությամբ եւ մեղավորներին պատժեն»:  Յագլանդը նաեւ հավելել է, որ այս ողբերգական միջադեպը պետք է վերջին հիշեցումը լինի իշխանություններին եւ հասարակությանը, որ չի կարող այսպես շարունակվել. «Բոլորը պետք է ներգրավվեն, եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի վերականգնվի ներքին երկխոսությունը քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամեն ինչ անել լրագրողի սպանությունը բացահայտելու համար: «Ալիեւի սպանությունը անհանդուրժողականության եւ անպատժելիության արդյունք է, որ տարիների ընթացքում տեղի է ունենում երկրում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- ասել է կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրը:

«Երբ պաշտոնյաները քննադատող լրագրողներին հրապարակայնորեն անվանում են թշնամիներ եւ դավաճաններ, երբ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները անպատիժ են մնում, մենք չպետք է զարմանանք այսպիսի ողբերգություններից»,- հավելել է նա:

«Amnesty International»-ի հետազոտող Նատալիա Նոզաձեն նշել է, որ շատ երկար ժամանակ Ադրբեջանի լրագրողները ենթարկվել են հալածանքների եւ սարսափելի հարձակումների. «Նրանց սպանությունների մեղավորները հաճախակի մեղավոր չեն ճանաչվում եւ պատասխանատվության չեն ենթարկվում, չնայած անկողմնակալ հետաքննության մասին ցինիկ հավաստիացումներին»:

Նշենք, որ դատապարտող հայտարարություններով եւ անկախ հետաքննության կոչերով հանդես են եկել նաեւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտը:

Հիշեցնենք, որ լրագրող Ռասիմ Ալիեւը սոցցանցում գրառում էր հրապարակել, որում քննադատել էր ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին: Դրանից հետո լրագրողին ծեծի են ենթարկել, որից հետո ստացված վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31