Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի «օգուտները». անկում՝ ապրանքաշրջանառության ոլորտում

Օգոստոս 10,2015 19:45

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշներն անկումային են: Ազգային-վիճակագրական ծառայությունը ներկայացրել է ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի նախնական ցուցանիշները՝ հունվար-հունիս ժամանակահատվածում: Համաձայն այդ տվյալների՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 20.6 տոկոսով, ԱՊՀ երկրների հետ՝ 22.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ԵՏՄ անդամներ երկրների՝ Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նվազել է 21.9, Բելառուսի հետ՝ 16.2, Ղազախստանի հետ՝ 34.5 տոկոսով: Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալները ևս նվազել են. ՌԴ-ի պարագայում 47.1, Ղազախստանի՝ 33.3, դեպի Բելառուս՝ 29.7 տոկոսով:

Aravot.am-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ սրա՞նք էին ԵՏՄ-ի օգուտները, որոնց մասին իշխանության ներկայացուցիչները ջանք չէին խնայում տարբեր հարթակներից բարձրաձայնելու:

Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Մեր կենտրոնի փորձագետները չեն դադարել տարիներ շարունակ խոսել ու զգուշացնել այն մասին, որ ՀՀ-ն որևէ նկատելի ձեռքբերում կամ ցուցանիշի բարելավում չի ունենալու ԵՏՄ-ում: Այն հռչակվեց որպես տնտեսական կառույց Աստանայում ի հեճուկս ՌԴ-ի ցանկության, որն ուզում էր այն քաղաքական դարձնել: ՌԴ-ին տնտեսությունը չի հետաքրքրել, բայց Բելառուսի և Ղազախստանի առարկությունների և դիմադրության պատճառով այն դարձավ տնտեսական կառույց»:

Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ եղած իրավիճակում հիմնազուրկ են բոլոր նրանց կռվանները, ովքեր կայացրել էին այս որոշումը և ՀՀ-ն բերման ենթարկել ԵՏՄ կամ արդարացնում էին այդ քաղաքականությունը. «Միակ կռվանն այն էր, որ մեր տնտեսության վիճակը կբարելավվի, ՀՀ նախագահը բոլոր ամբիոններն օգտագործում էր 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու և ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնալու մասին հայտարարելով: Բայց երկու նպատակներն էլ տապալված են և ինչպես Հովիկ Աբրահամյանը կասեր, մեծ խելք պետք չէր այդ ամենը հասկանալու համար, որ այդ երկու խնդիրները չեն լուծվելու»:

Stepan_Safaryan_1

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ եթե ԵՄ-ն ցանկանար հաստատել տնտեսական հարաբերություններ ԵՏՄ-ի հետ, դա կաներ, ի վերջո տարիներ շարունակ ՌԴ-ն ակնարկում էր այդ մասին: Մյուս կողմից արևմտյան ոչ մի ընկերություն չի շտապում գալ ՀՀ-ում ներդրումներ կատարել հանուն այդ 170 միլիոնանոց շուկա մուտքի:

Պարոն Սաֆարյանը նկատեց. «Տեսանք Սամսունգը, Օրանժը մի քանի բրենդներ գրեթե դուրս են գալիս այդ շուկայից: Եթե անգամ չլինեին այդ ցուցանիշները, անզեն աչքով անգամ տեսանելի էր, որ ԵՏՄ-ում մեր հեռանկարը չափազանց անորոշ է, օգուտների սպասումներն էլ բացարձակապես հիմնավորված չեն և հետևաբար ԵՏՄ-ից տնտեսական վիճակի բարելավման ակնկալիքը ոչ միայն միամտություն է, այլև հանցավոր անտարբերություն ՀՀ-ի ժամականի համար, քանի որ ներկայիս աշխարհում դա ամենաթանկ բաներից է: Պետություններն օգտագործում են ամեն հնարավորություն իրենց տնտեսությունները դիվերսիֆիկացնելու համար, մինչդեռ ՀՀ-ն փաստացի զրկվել է իր տնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարից»:
Պարոն Սաֆարյանը հարց է բարձրացնում, թե ՌԴ-ի պարագայում, երբ ցուցանիշները անկումային են, գուցե տրամաբանական է այն պատճառաբանել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներով, բայց երբ արդեն ԵՏՄ մյուս երկրների հետ ապրանքաշրջանառության ցուցանիշներն են անկում ապրում, դա նշանակում է, որ խնդիրը ԵՏՄ ներսում է:

Մեր այն հարցին՝ ՀՀ իշխանությունները հիմա՞ ինչպես են արդարանալու, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Այս իշխանություններից գոնե մենք որևէ արդարացում չենք սպասում, կոնկրետ քայլեր ենք սպասում ՀՀ-ն այս ճահճից հանելու համար: Բայց այս իրավիճակի համար թող որևէ մեկը մեղքը չբարդի միայն իշխանության վրա: Սա կոլեկտիվ հանցավոր գործունեության արդյունք է: Բոլոր նրանք, ովքեր անշրջելի որակեցին այս ամենը, ի նկատի ունեմ նաև քաղաքական ընդդիմությանը, ովքեր դեմ շարժում չձևավորելու հարցում ջանք չխնայեցին, որոնք «Ոչ մի հակառուսական տրամադրություն, Շուրա» կարգախոսով ցույցեր էին անում Ազատության հրապարակում և ապահովում էին ՀՀ-ի սահուն մուտքը ԵՏՄ, իհարկե պակաս չափով, քանՍերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը, բայց նրանք ևս պետք է կրեն պատասխանատվություն »:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հին ակենդոտ կա>

    Սովետական միությունում շքերթի ժամանակ հիվանդները գոռում են. ԿԵՑՑԵՆ սովետական միության հիվանդները` աշխարհի ամենահիվանդ հիվանդները:
    Այս տրամաբանությամբ ԵՏՄ կողմակիցները մի բան կասեն` օրինակ որ ԵՏՄ վնասները ամենաօգտակարն են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31