Aravot.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից: 2500 բնակիչ ունեցող գյուղի՝ մեզ դիմած բնակիչների մտահոգությունը կապված է տրանսպորտի անհարմարության հետ: Փարպեցիները մեզ հետ զրույցում պատմեցին. «Գյուղի տրանսպորտի վիճակն ահավոր է: Եթե համեմատենք հարևան գյուղերի հետ, օրինակ՝ Ագարակ, Օշական, Օհանավան, դրանց տրանսպորտը կանոնավոր աշխատում է: Իսկ Փարպիի տրանսպորտն անհարմար ժամերի է աշխատում: Առավոտյան ավտոբուսն ու երթուղայինը Երևանից համարյա կես կամ մեկ ժամ պարբերությամբ են մեկը մյուսից հետո շարժվում: Օրինակ՝ առավոտյան ժամը 9-ին ավտոբուսն է Երևանից շարժվում, 9:20՝ երթուղայինը, այն դեպքում, երբ մինչև 14:30 տրանսպորտ այլևս գյուղ չի մտնում»։
Փարպեցիների համար լուրջ փորձություն է հատկապես երեկոյան ժամերին Երևանից գյուղ հասնելը: Վերջին տրանսպորտը Երևանից գալիս է ժամը 18:45-ին: Գյուղացիները մտահոգվում են. ոչ բոլոր դեպքերում է, որ աշխատանքն ավարտվում է ժամը18.00-ին, ուստի հաճախ չեն հասցնում երթուղայինով գալ գյուղ և ստիպված են լինում ապավինել տաքսիներին, ինչը լրացուցիչ ծախս է:
Իրավիճակն ավելի է վատթարանում սեպտեմբերին. հաճախ փարպեցիները չեն կարողանում օգտվել իրենց իսկ գյուղի համար նախատեսված տրանսպորտից։ 13 հոգու համար նախատեսված երթուղային տրանսպորտը 25-30 հոգու է տեղափոխում։ Քանի որ տրանսպորտն անցնում է Աշտարակի միջով, դրանից օգտվում են նաև աշտարակցիները։ Այս դեպքում փարպեցիները ստիպված են աշխատանքից տուն հասնել հոտնկայս՝ միմյանց հենված։ Սա լավագույն դեպքում, շատ հաճախ էլ երթուղայինն այնքան ծանրաբեռնված է լինում, որ նրանցից շատերն ուղղակի մնում են դռան հակառակ կողմում։
Aravot.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող են հարցին լուծում տալ։ Նա պատասխանեց. «Տրանսպորտային փոխադրումների հիմնարկը կուսումնասիրի ուղևորահոսքը, և անհրաժեշտության դեպքում չվացուցակում փոփոխություն կկատարվի, եթե դա արդարացված ուղևորահոսք լինի: Կա հատուկ հաշվարկի մեթոդաբանություն, թե որ ժամին ինչպիսի ուղևորահոսք կա: Քսան օրվանից մեկ ամսվա ընթացքում կատարվում է ուղևորահոսքի գնահատում: Օգոստոսին բավականին թույլ է լինում ուղևորահոսքը, իսկ գերադասելի ժամանակահատվածը օգոստոսի15-ից սեպտեմբերի 15-ն է»: Պարոն Մելքոնյանը հորդորեց փարպեցիներին նամակ ուղարկել նախարարություն, որպեսզի գրավոր հիմք լինի ուսումնասիրություն սկսելու համար:
Կարդացեք նաև
Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ի վիճակի չեն, ուժերը չի ներում այդ հարցերով զբաղվելու, այդ հարցով զբաղվում է տենդեր շահած կազմակերպությունը ու մանրամասնեց. «Զրուցել եմ այդ հարցով Ավտոբուսների պարկի տնօրենի հետ, պատճառաբանում են, թե շահութաբեր չէ.երեք-չորս հոգու համար իրենց ձեռնտու չէ դուրս գալ գիծ»: Մեր հարցին՝ իսկ գյուղի բնակի՞չն ինչով է դրանում մեղավոր, գյուղապետը պատասխանեց. «Քսան-երեսուն տարի այս վիճակն է: Բազմիցս դիմել ենք այդ հարցով, բայց պատճառաբանությունը նույնն է: Ինչ վերաբերում է նրան, որ վերջին երթուղայինի ժամը երկարացվի, ապա ես միայն կողմ եմ, որ այդ խնդիրը լուծվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ուրախալի է, որ փարպեցիները վերջապես իրենց ձայնը բարձրացրեցին:
Ես ամռանը հաճախ եմ օգտվում այդ երթուղուց և միանում եմ արդեն նշված բողոքներին:
Ավելացնեմ նաև, որ, չգիտես ինչու և ում որոշմամբ, 18:20 Փարպի-Երևան ավտոբուսը կանգ է առնում Աշտարակում, վարորդը հայտարարում է ՝ էսքան մարդու համար Երևան չեմ գնա, և հերթափոխը հանձնում է գազելներին , որոնք, ինչպես նշվեց նախատեսված 10 ուղևորի փոխարեն փոխադրում են 20 ուղևոր:
Բաց թողնելով մարդկանց ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները փոխադրամիջոց փոխելիս (ծանր բեռներ, լացող կամ քնած երեխաներ, հազիվ քայլող տարեցներ, գազելում ազատ նստատեղերի բացակայություն…և այլն), ուզում եմ անդրադառնալ ֆինանսական կողմին:
Երևան-Փարպի ուղղությունն ընդհանրապես արժե 300 դրամ, իսկ վերը նշված դեպքերում Փարպի-Աշտարակ ավտոբուսի վարորդը գանձում է 100 դրամ, իսկ Աշտարակ-Երևան գազելի վարորդը՝ 250 դրամ: Այսինքն 50 դրամով ավելի է արժենում այդ երթուղին….