Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը՝ երեւանյան «սթրիթ-արթի» մասին. «Դա նույնն է, որ թքեն փողոցում»

Օգոստոս 10,2015 17:06

Սահակ Պողոսյանը կարծում է, որ Ռոբերտ Նիկողոսյանին պետք է արգելել ամենուր նկարել

 

Բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված նկարների առիթով:

Մասնավորապես,  արվեստագետ Սահակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Դրանից սարսափելի բան ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսել, որը մատուցվում է որպես արվեստ: Ամենասարսափելին այն է, որ բազմաթիվ սիրողներ ունի, նկատել եմ տարբեր քոմենթներից: Մի քանի անգամ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ ֆեյսբուքում նույնիսկ մեկը ինձ պատասխանեց, ես  էլ բացատրեցի, թե ինչ է խնդիրը: Այդտեղ նախ եւ առաջ շահարկում է տեղի ունենում մեր մտավորականության կամ ազգային արժեքների: Հայ մշակույթի վրա հետք թողած մարդկանց  դիմանկարներն է արվում, եւ երբ բառացիորեն ասում ես՝ դա վատ է, իրենք  արվեստը թողած անմիջապես սկսում են ազգայնականության  դիրքերից խոսել, մշակութային առումով բանավեճ տեղի չի ունենում, իսկ ազգային առումով պաշտպանել մի բան, ամենասարսափելին է: Այդ նկարները բացարձակ արժեք չունեն, որովհետեւ մարդիկ անգամ Բենքսիին չեն տեսել: Սթրիթ արթը բողոք է հասարակության մեջ նեգատիվ երեւույթների նկատմամբ, իսկ այստեղ ոչ  բողոք կա, ոչ գաղափար, ուղղակի շատ վատ, անճաշակ պորտրետներ են: Գոնե լավ նկարեին: Եվ եթե այդպիսի ցանկություն ունեին, թող անեին համաձայնեցված տարածքներում, ոչ թե հասարակական վայրերում, որովհետեւ այդ հասարակական վայրերի սպառողները նաեւ ես եւ դուք ենք, մյուսները, որոնք դեմ են դրան: Դա նույն է, որ հասարակական վայրում, կներեք, թքեն: Բոլորին չէ, որ դա դուր կգա: Եթե շատ ուզում են, թող իրենց տան պատերի վրա անեն եւ մարդկանց հրավիրեն իրենց տուն դա նայելու, մեզ չպարտադրեն»:

nikoghosyan street art robert nikoghosyan-street art Մեր հարցին՝ ի՞նչ է ակնկալում քաղաքային իշխանություններից, արվեստագետը պատասխանեց. «Դա նույնն է, որ ես հիմա  անօրինական ծառ կտրեմ: Հիմա էդ մարդը անօրինական ինչ-որ մեկի պատին, տվյալ դեպքում քաղաքի սեփականության որեւէ կառուցի վրա, նկարում է: Թող արգելեն, ու էս արգելքի պատճառով էդ մարդը գնա , մտածի եւ իսկապես զբաղվի սթրիթ- արթով: Արգելքը իրեն կստիպի մտածել արգելքի դեմ, ստիպված կբարձրացնի իր ձայնը, ոնց որ Արտ-լաբորատորիան էր անում, կամ «Հակահարված» խումբը: Ի  վերջո, իր արարքի համար ինքը պետք է պատասխան տա, երբեմն քրեորեն, որովհետեւ սթրիթ-արթը բոլոր դեպքերում պատասխանատվություն ենթադրող արվեստ է: Այն ինչ արվում է Երեւանի պատերին, չի կարելի գովել, նրան պետք է պատասխանատվության ենթարկել հասարակական վայրը կեղտոտելու եւ սերունդների ճաշակը փչացնելու համար»:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք  նկարների հեղինակն ունի՞ քաղաքային իշխանությունների համաձայնությունը՝ իր ցանկացած վայրում պատերին նկարելու համար: Լրատվականից պատասխանեցին, որ հանդիպում եղել է հեղինակի  հետ, նրան առաջարկվել է նպատակահարմար վայրերում նկարել եւ ոչ թե ամեն տեղ: Նաեւ հավելեցին, որ հարցերի վերաբերյալ ավելի սպառիչ տեղեկատվություն կտրամադրի Երեւան քաղաքի գլխավոր դիզայները՝ արձակուրդից վերադառնալուց հետո:

Ռոբերտ Նիկողոսյանից էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ ֆեյսբուքյան նամակ ուղարկելով: Առայժմ պատասխան չենք ստացել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Սահակ Պողոսյանի լուսանկարը՝ Գերման Ավագյանի:

 Ռոբերտ Նիկողոսյանի լուսանկարները՝ Ֆեյսբուքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31