Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող իմ գործերն էժան վաճառել». Սարգիս Հովելյան

Օգոստոս 10,2015 16:43

Օգոստոսի 7-ից Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում են երկրաբան Սարգիս Հովելյանի աշխատանքները:

Ստեղծագործական ասպարեզը, որն ընտրել է Ս. Հովելյանը, կոչվում է ֆլորենտական խճանկար (մոզաիկա), սակայն երբ սկսել է աշխատել, գաղափար անգամ չի ունեցել, որ աշխարհում դեռևս հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել քարերի հետ աշխատելու այդ յուրօրինակ տեխնիկան:

Ֆլորենտական խճանկարն առաջացել է 16-րդ դարում Իտալիայում: Խճանկարի վարպետները գեղարվեստական պատկերն ստանում են գունավոր հղկված քարերից, որոնց բնական գույնն ու զարդանախշերը դառնում են պատկերի հիմնական միջոցը:

Հայ արվեստասերն առաջին անգամ է ծանոթանում Ս. Հովելյանի գործերին, քանի որ հեղինակը երբեք չի մտածել իր աշխատանքները ցուցադրելու, անհատական ցուցահանդես կազմակերպելու մասին:

Հովելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Քարե ծիածան» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված են 2009-2015 թթ. արված 39 աշխատանքներ:

Իր աշխատանքներում նա օգտագործում է ագաթ, հասպիս, կախալոնգ, քաղկեդոն, վանակաթ, թերթաքար, լաբրադորիտ այլ քարեր: Դրանք նա հավաքում է Հայաստանի տարբեր գյուղերից ու քաղաքներից՝ Իջևանից, Ջրվեժից, Ծաղկավանից, Արտենիից, Մեծավանից, Սևանից և այլն:

Քարերի մշակումը Հովելյանն իրականացնում է իր իսկ ձեռքով պատրաստած գործիքներով, կտրելու, հղկման ու փայլեցման իր մշակած տեխնիկայով:

Տարբեր երանգներով ու զարդանախշերով քարերի համադրությամբ են ստեղծվել «Սասունցի Դավիթ», «Հայկական այբուբեն», «Արարատ լեռը», «Շամիրամ», «Սեր», «Կատու», «Նռնենի», «Կարապներ», «Աստվածամայրը մանկան հետ» և այլ ստեղծագործություններ:

astvacamayr

Հեղինակը դեռևս ոչ մի աշխատանք չի վաճառել. «Պատճառը, երևի, գինն է,- կարծում է նա,- բայց ես չեմ կարող այդ գործերն էժան վաճառել, որովհետև դրանք շատ ծանր աշխատանքի արդյունքում են ստեղծվում: Բնական քարեր վաճառող խանութներից մեկն առաջարկեց իմ աշխատանքներից իրենց մոտ դնել վաճառքի: Երկու նկար տվեցի, գինը՝ 400 հազար դրամ, հարցնողներ լինում էին, իսկ գնողներ՝ ոչ: Հայաստանում, ըստ երևույթին, մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ այդքան գումարով գնել ինչ-որ ֆլորենտական խճանկար, որի հեղինակը դեռևս անհայտ է»:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 12-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31