Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սննդի արտադրությամբ զբաղվող գործարարը արտագաղթում է եւ նույնը հորդորել է անել Զոյա Թադեւոսյանին

Օգոստոս 10,2015 14:54

Ըստ Զոյա Թադեւոսյանի Հովիկ Աբրահամյանն երկար չի կարող  իր անձնական կապերն օգտագործել եւ ներդրողների բերել Հայաստան

«Մենք հետամնաց տնտեսությունների շարքում ենք, որտեղ օրեցօր փակվում են մեծաթիվ արտադրություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ այս տարվա 6 ամիսներին 4,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը:

Նա պատմեց, որ վերջերս զրուցել է մի գործարարի հետ, որը սննդամթերքի արտադրության ոլորտում ՀՀ-ում որոշակի հաջողությունների է հասել. «Բողոքում էր, որ մենաշնորհային իրավիճակը սննդի արդյունաբերության ոլորտում որոշ ձեռնարկությունների համար տանում է նրան, որ մնացածները դուրս են մղվում արտադրությունից եւ փակվում են: Եվ ինձ էլ խորհուրդ տվեց արտագաղթել, որովհետեւ ինքը պատրաստվում էր արտագաղթել»:

Հովիկ Աբրահամյանը Շինանարի օրվա հետ կապված միջոցառմանը անդրադարձել էր շինարարության ծավալի 0,6 տոկոս աճին եւ խոսել «Հին Երեւան» նախագծով ներդրումներից: Երբ լրագրողները հիշեցրել էին, որ այդ նախագծով ներդրումներ անող գործարար Վարդան Սերմաքեշը իր որդու՝ Արգամ Աբրահամյանի գործընկերն է եղել՝ վարչապետը նետել էր, որ վատ բան չի անում, եթե անձնական կապերն է օգտագործում, որ Հայաստանում ներդրումներ անեն. «Դուք պետք է ուրախ լինեք,  որպես Հայաստանի քաղաքացի, որ ես իմ անձնական կապերը ներդնում եմ եւ մարդկանց հրավիրում եմ, որ Հայաստանում ներդրում անեն: Ես վատ բան չեմ անում, լավ բան եմ անում, համաձա՞յն եք, ուրա՞խ եք դրա համար: Բայց չի երեւում, որ ուրախ եք»:

Ըստ Զոյա Թադեւորսյանի, «Այն, որ Հովիկ Աբրահամյանը անձնական կապերով է փորձում ներդրողներ բերել, ինչ-որ տեղ դա երաշխիք է: Նա երաշխավորում է օտարերկրյա ներդրողների՝ Հայաստանում կատարած ներդրումների անձեռնմխելիությունը: Նախորդ տարիների փորձը ցույց տվեց՝ հատկապես Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, որ մեծաթիվ բիզնեսմեններ խաբվեցին, եւ հենց վարչապետի մակարդակով նրանց փողերը շորթվեցին: Հիշեք Հայրապետյանների դեպքը: Այնպես որ, երաշխիքներ տալը եւս հնարավորություն է օտարերկրյա ներդրողներին ներգրավելու եւ ներդրումային միջավայրը քիչ թե շատ գայթակղիչ դարձնելու համար: Բայց դա պետական միջոցառում չէ: Հովիկ Աբրահամյանն ինչքա՞ն կարող է իր կապերն օգտագործել: Ինքն իր կապերն օգտագործի, մյուսները հակաօգտագործե՞ն: Ու այդ ճանապարհով դրական ու բացասականի հավասարակշռությունը հաստատ կխախտվի: Այնպես որ, մեկ անձով չի որոշվում՝ ներդրողները կգա՞ն, թե՞ չեն գա: Մեկ անձը իր այսպես ասած մասնավոր երաշխիքներով ավելի քիչ հաջողության կհասնի, քան՝ եթե գանք հաջողության, երբ իշխանություններն ի վերջո ընդունեն, որ իրենց ոչ օրինակարգ լինելը արդեն հզոր խոչընդոտ է՝ տնտեսության զարգացման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31