Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Բանը հեղափոխության չի հասնի»

Օգոստոս 10,2015 14:35

 

Իշխանական պատգամավորը`սահմանադրությամբ ընդդիմությանը տրվելիք լիազորությունները նոր մշակույթ է համարում

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը շարունակում է պնդել, որ Սահմանադրության նոր տարբերակով քաղաքական փոքրամասնությանն էական լիազորություններ կտրվեն:

Խորհրդարանի նախագահի տեղակալներից մեկի ընդիմադիր լինելը, Վերահսկիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ ընդդիմությանը տրվելիք այլ առավելություններ նկատի ունենալով` նա կարծում էր. «Սա նոր մշակույթ է, որը բերելու է քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության համագործակցության»:

Գագիկ Մինասյանը դրական է համարում նաեւ մեծամասնական ընտրական համակարգի վերացումը`հավելելով, որ այդ հարցի մասին տարիներ շարունակ հենց ընդդիմադիրներն են բարձրաձայնել:

Aravot.am-ի դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընդառաջ են գնում ընդդիմությանը, սակայն, իրականում, ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա տասը տարիների քաղաքական գործընթացներն անցնեն բացառապես Մելիք-Ադամյան փողոցով, ինչպես դեռ անցած տարի հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը չհամաձայնեց:

«Իհարկե, ոչ: Խորհրդարանական փոքրամասնության դերակատարումը աննախադեպ մեծանում է ու առանց խորհրդարանական փոքրամասնության շատ էական որոշումներ հնարավոր չի լինելու կայացնել: Էլ չեմ ասում, որ քաղաքացիական հասարակությունը օրենսդրական նախաձեռնության իրավունք է ստացել»,- ասաց նա`հավելելով, որ գործող սահմանադրությունն իշխանության  վերարտադրության համար ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են ընդդիմադիրները դժգոհ՝ հարցին իշխանական գործիչը պատասխանեց. «Ընդդիմությունը ավելի հստակ պիտի ներկայացնի իր առարկությունները, որպեսզի ձեզ մոտ հարց չառաջանա, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները դեմ»:

Մեկ այլ հարցի`սահմանադրական բարեփոխումների գործընթացը  կվերածվի՞ Հայաստանում իշխանափոխության, մանավանդ, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է աշնանն ակտիվանալու եւ ընդդեմ այս բարեփոխումների հանրությանը փողոց  հանելու մասին, ՀՀԿ-ական գործիչն ասաց. «Ես չեմ բացառում, որ այդ տեսակետի կողմնակիցներ եւս լինեն, բայց բանը հեղափոխության չի հասնի»:

Ընդհանրապես, նա կարծում է, որ բոլորը պիտի հասկանան, որ իրենց տրվում է հնարավորություն`ընդունել մի օրենք, որն ավելի սահուն է դարձնում մեր երկրի կառավարումը, գոնե նախագահի եւ խորհրդարանի առաջնային մանդատների բացառմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31