Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ «նախագիծը լուրջ բարեփոխումներ է պարունակում»
Իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավոր Գագիկ Մինասյանը համոզված է, որ Սահմանադրության նախագիծը լուրջ բարեփոխումներ է պարունակում: Գործող նախագահական համակարգի հիմնական թերությունը այս համակարգով տասը տարի Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչը համարում է երկու առաջնային մանդատների գոյությունը` նախագահի եւ պատգամավորների: Այս մասին այսօր նա խոսեց «Հենարան» մամուլի ակումբում:
Քանի որ այս համակարգով խորհրդարանական մեծամասնությունն է որոշում կառավարությունը, նա չի բացառում, որ երկու առաջնային մանդատ ունեցող սուբյեկտները երկրի համար վճռորոշ հարցերում տարակարծիք լինեն, ինչը կբերի հակասությունների ու ճգնաժամի: «Մենք շրջանցել ենք սա միշտ, քանի որ երկրի նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն ուժից են եղել, բայց հնարավոր է այլ իրավիճակ, այդ թվում նաեւ սպառնալիք տարածքային ամբողջականության եւ այլն»,- հիմնավորում է իշխող ուժի ներկայացուցիչը:
Առաջարկվող խորհրդարանական համակարգն էլ թերություն ունի՝ ասում է Գագիկ Մինասյանը, հավելելով, որ դա պակաս կայուն մեծամասնությունն է, որը կբերի կառավարությունների պերմանենտ փոփոխության`պարալիզացնելով երկիրը: Ուստի, ըստ նրա, այս նախագծով առաջարկվում է մի լուծում, որը վերացնում է խորհրդարանական համակարգի հիմնական թերությունը: «Կայուն մեծամասնությունն անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունների արագ փոփոխությունը, որը նպաստելու է փոշիացման, վերանա: Համաձայն եմ, որ հստակեցման անհրաժեշտություն կա, եւ Սահմանադրության մեջ պետք է նշվի, որ մինչեւ երկրորդ փուլի կայացումը ուժերը փորձեն կայուն մեծամասնություն ստեղծել: Սա բոլորի կողմից ընդունվում է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Վենետիկի հանձնաժողովն անհամաձայնություն էր հայտնել այս դրույթը Սահմանադրությամբ ամրագրելու առիթով`առաջարկելով այն թողնել ԸՕ-ի կարգավորմանը: Սակայն, թե սահմանադրական բարեփոումների հանձնաժողովի անդամները, թե իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հենց սահմանադրությամբ պետք է դա ամրագրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ