Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում աճ ունենք: Ընդ որում՝ նա հստակ թիվ էր հրապարակել՝ «հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4.5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը, մեր հարցին՝ Դուք, որպես քաղաքացի, այս տարվա 6 ամիսների այդ աճը զգո՞ւմ եք Ձեր կենսամակարդակի վրա, եւ որտեղի՞ց կարող էր լինել այդ աճը, պատասխանեց. «Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ մեծաթիվ հանրության ներկայությամբ է դա պայմանավորված: Նրանք բավականին մեծ գումարներ ծախսեցին այդ ժամանակ Հայաստանում: Մենք, երբ միջոցառման մասնակիցների մեծաթիվ լինելը տեսանք, ես անձամբ ասացի՝ սա կանխատեսված տնտեսական աճը կփրկի: Եվ իրականում դա փրկեց կառավարությանը: Բայց ասել, թե արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում, ծառայությունների կամ տուրիզմի ոլորտում այս ժամանակահատվածում տնտեսական աճ ապահովվել է՝ հանած այն փոքրիկ միջակայքը, որը համընկավ Եղեռնի միջոցառումների հետ, մնացած ժամանակահատվածում, իհարկե, որեւէ մեկը տնտեսական աճ չի կարող տեսնել, զգալ»:
Ըստ տիկին Թադեւորսյանի, տնտեսական աճի համար անհրաժեշտ գործոնը աշխատուժի արտագաղթն է. «Դա ինձ ցավ է պատճառում՝ որպես տնտեսագետի: Առանց աշխատուժի տնտեսական աճ հնարավոր չէ: Մենք հրաշագործ երկիր չենք եւ չունենք այնպիսի բարձր տեխնոլոգիաներով հագեցած արտադրություններ, որ, ասենք, աշխատուժի արտագաղթն էական վնաս չի կարող հասցնել տնտեսությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հովիկ Աբրահամյան, 2015 տնտեսական աճ, Զոյա Թադեւոսյան, Ցեղասպանության 100-րդ տարելից