Անփութության կամ դժբախտ պատահարների հետեւանքով մարդ ունենում է կտրված վերքեր, որոնց բուժման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր:
Կտրված վերքի բուժման համար առաջարկում է կտրել հալվեի՝ ալոեի տերեւը, դնել վերքի վրա եւ վիրակապել: 5-6 ժամ հետո արդյունքը կզգացվի:
Կտրված վերքի բուժման մեկ այլ եղանակ էլ առաջարկվում է հետեւյալ խառնուրդի օգնությամբ. 100 գրամ ձիթապտղի յուղ, 8 գրամ դեղին մեղրամոմ, 5 գրամ սպիտակ մեղրամոմ, 20 գրամ սոճու խեժ եւ 1 ճաշի գդալ կարագ խառնել իրար, դնել թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով՝ տաքացնել 10 րոպե: Ստացված խառնուրդը ապակե անոթի մեջ տեղափոխելուց հետո, բարակ շերտով քսել վիրակապին եւ դնել վերքի վրա: Եփուկի մեկ այլ տարբերակ էլ առաջարկվում է պատրաստել հետեւյալ կերպ. 2 մաս ձիթապտղի յուղը, 1 մաս մաքուր մեղրամոմի հետ եռացնել թույլ կրակի վրա եւ ստացված քսուքը սառեցնել ու լցնել ապակե տարայի մեջ: Այնուհետեւ պերեկիսով լվանալ վերքը եւ քսուքով թանզիֆը վերքի վրա դնելուց հետո վիրակապել:
Թարախակալած վերքը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1 ճաշի դգալ այծի կամ ոչխարի ճարպը, կես ճաշի գդալ աղը եւ 1 ճաշի գդալ մանրացված սոխը լցնել ամուր ամանի մեջ, խնամքով տրորել եւ ստացված խառնուրդը դնել վերքին: Սկզբնական շրջանում դեղի ազդեցությունից սուր ցավ կզգացվի, բայց վերքի մաքրվելու հետ մեկտեղ՝ հետզհետե ցավը կդադարի եւ էպիթելային հյուսվածքները կվերականգնվեն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2015