Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեկ համայնքում դեռ հոգսեր կան

Օգոստոս 09,2015 17:00

Շրջկենտրոն Բերձորից մոտ 55կմ հարավում է Քաշաթաղի Այգեկ գյուղը՝ փռված Հակարի գետի ձախափնյա հարթության վրա: Օգոստոսի 7-ին գյուղի տարածքում հրդեհ էր բռնկվել: Պատահաբար ներկա եղա հրդեհի մարման աշխատանքներին, որն իրականացրեցին համայնքի բնակիչները՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ: Այստեղ էր նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Հրդեհից հետո բնակիչներն իրենց հոգսերը ներկայացրեցին շրջանի ղեկավարին:

Այս կապակցությամբ մեկ օր հետո՝ օգոստոսի 8-ին Այգեկում տեղի ունեցավ համայնքի բնակչության ընդհանուր ժողովը, որը վարեց շրջվարչակազմի ղեկավարը: Ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանը, «Քաշաթաղի ջրամակարարում» ՓԲԸ ներկայացուցիչ Արամայիս Խաչատրյանը, ԼՂՀ ՓՊԾ Քաշաթաղի շրջանային բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը, Այգեկի գյուղական համայնքի ղեկավար Ֆիրդուս Մելիքյանը, այլ պաշտոնյաներ: Բացելով ժողովը՝ շրջանի ղեկավարը նշեց, որ արդեն տեղյակ է համայնքի խնդիրներից, և տարբեր ոլորտների ներկայացուցիչներն այստեղ են, որ միասին որոշվեն անելիքները, կատարվեն աշխատանքներ:DSCN4038

Այգեկի բնակիչները հիմնականում կարևորեցին ոռոգման ջրի խնդիրը՝ նշելով, որ պետք է մաքրվեն գյուղի միջով և վերևով անցնող ջրատարները: Անմխիթար վիճակում են բնակելի տները, որոնք ունեն հիմնանորոգման խնդիր: Ցավոտ հարց է նաև հողահատկացումը:

Բնակիչների պահանջն է՝ հող ունենալ ջրովի տարածքներում, ճշտվի տնամերձների հարցը, ապահովվի դրանց ոռոգումը: Անդրադառնալով ոռոգման ջրի հարցին՝ «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ աշխատանքներ կատարվել են ջրատարի վրա, սակայն որոշ տեղամասերում պետք է խողովակներ տեղադրվեն, ասաց նաև, որ կա տեխնիկայի պակաս: Կարևորեց այն, որ ջրատարի մոտ պետք է պահպանվի 6 մետրանոց սպասարկող տարածք, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներ իրականացնել՝ չվնասելով բանջարանոցներն ու այգիները: Համայնքի ղեկավարն էլ ասաց, որ իրենց ջրատարը գալիս է Այգեհովիտ գյուղից, որտեղ նույնպես պետք է որոշ հատվածներ մաքրվեն՝ ասելով նաև, որ ջրատարները հիմնականում քարով ու տիղմով են լցվում գարնանը սարալանջերից իջնող հեղեղներից: Ինչ վերաբերում է բնակարանների հիմնանորոգմանը՝ Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս ամսվա ընթացքում 25 ընտանիքների կհատկացվի 500-ական կգ ցեմենտ՝ պատերն ամրացնելու նպատակով և կտուրի փայտանյութ ու թիթեղ: Որոշվեց շուտ նորոգել Մելոյանների բազմազավակ ընտանիքի բնակելի տունը: Հանձնարարականներ տվեց ոլորտների պատասխանատուներին՝ շուտափույթ սկսել աշխատանքներ՝ ջրատարի կարգավորման և շինանյութերի հատկացման համար:

Ինչ վերաբերում է հողհատկացումներին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ ցանքատարածքների մեծ մասը պայմանագրով հատկացվել է վարձակալներին, տնամերձների հարցը պետք է վերանայվի, քանի որ համայնքում նոր ընտանիքներ են ձևավորվել: Այս հարցում նույնպես եղան հանձնարարականներ՝ գյուղվարչության ղեկավարին և աշխատակիցներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կարգավորել խնդիրը, անպատասխանատու վարձակալների հետ լուծարել պայմանագրերը՝ ըստ գործող կարգի: Բացի այս հարցերից, բնակիչները դիմեցին նաև երիտասարդության զբաղվածության խնդրին, շտապօգնության մեքենա ունենալուն: Ժողովից հետո որոշվեց նաև համայնքապետարանի համար նոր շենք կառուցել, իսկ գործողը, որ փայտյա ֆիննական տնակ է, հատկացնել երիտասարդությանը՝ ժամանցի կենտրոն դարձնելու նպատակով: Ներկա բնակիչները շրջվարչակազմի ղեկավարին դիմեցին նաև անձնական հարցերով:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31