-Բարև՛…
–Այդ Դու՞ք…Ես խոնարհվում եմ Ձեր առջև, նշանավոր գիտնական, մանկավարժ և օրենսդիր Մխիթար Գոշ: Այո՜, Ձեր կառուցած Գետիկ վանքում ենք` Գոշավանքում:
–Տիգրան, Հյուսիսարևելյան Հայաստանում և Կիլիկիայում ծաղկունք Էին ապրում քաղաքները, տնտեսական զարգացման ընթացքը բարդ փոխհարաբերություններ էր առաջ բերել: Կյանքը զարգացել էր, իսկ իրավական կարգավորումը բաց էր մնացել: Ես ստիպված էի գրել «Դատաստանագիրքը»: Ի՞նչն է ձեզ այսօր ստիպում հիմնովին փոխել պետության հիմնական օրենքը: Հասկանու՞մ եք, որ դա նման է հեղափոխության` ամեն ինչ քանդելուն ու նորից կառուցելուն, գոնե գիտակցու՞մ եք ավերակների վրա կառուցվելիքը ինչ է լինելու:
Կարդացեք նաև
-Ա՛յր իմաստուն, մենք վստահում ենք նախագծի հեղինակներին: Նրանք երկար տարիներ զբաղվում են պետական կառավարմամբ: Մենք` հասարակ քաղաքացիներս, չենք կարող ընկալել սահմանադրություն բարդ երևույթը: Մեզ մնում է միայն հավատալը նրանց խոսքին:
-Որդյա՛կս, հավատում եք, որովհետև ականատե՞սն եք Հայաստան աշխարհի ծաղկունքին. նրանց պետական կառավարման օրոք Հայաստանը է՞լ ավելի հզորացավ, կյանքն էլ ավելի բարեկեցի՞կ դարձավ, աշխարհով սփռված հայերը ավելի մեծ ոգևորությա՞մբ սկսեցին վերադառնալ հայրենիք, երիտասարդներն էլ ավելի հավատո՞վ են նայում ապագային, ծերերն ու մանուկները էլ ավելի պաշտպանվա՞ծ են:
-Մե՛ծ վարդապետ, ուղղակի նրանք համոզիչ են խոսում: Բա էլ ու՞մ հավատանք: Ախր մենք` հասարակ մահկանացուներս, չենք կարող հասկանալ, ընկալել սահմանադրություն բարդ երևույթը:
-Զավա՛կս, հավատացե՛ք ինքներդ ձեզ. սա է բազմաթիվ խնդիրների լուծման միակ ուղին, մի՛ սպասեք բարի թագավորների հայտնվելուն, ինքնակազմակերպվե՛ք, բարձրացրե՛ք ձեր գիտակցությունը, ակտիվ մասնակցե՛ք երկրի կառավարմանը: Ժողովրդավարություն չի նշանակում տերերի ու հովանավորների փնտրտուք, ժողովրդավարություն նշանակում է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվության զգացում իր պետության և ժողովրդի ներկայի ու ապագայի հանդեպ:
– Հռչակավո՛րն և մեծիմա՛ստն գիտությամբ, հիմա ի՞նչ, մե՞նք էլ ժամանակ հատկացնենք ու սահմանադրություն ուսումնասիրենք, գնանք երթերի՞, հավաքների՞, պայքարե՞նք ու աջակցե՞նք: Այդքան ջանք ու եռա՞նդ թափենք: Ախր դժվար է: Լավ է, երբ նստում ու ուրիշից ենք պահանջում` նախագահից, կառավարությունից, պառլամենտից: Բա ինչի՞ համար են նրանք:
-Նրանք ձեր ծառաներն են: Եթե ծառային չծառայեցնես, չհանձնարարես ու չվերահսկես, տեր կդառնա գլխիդ:
Հրապարակումը՝ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից