Իտալական հայտնի աղանդերը՝ Տիրամիսուն, մեր ընթերցողներին արդեն ներկայացրել ենք: Այսօր ձեր ուշադրությանը կառաջարկեմ Տիրամիսուի ամառային՝ մրգա-հատապտղային տարբերակը, որը նույնքան համեղ է, եւ գեղեցիկ:
Անհրաժեշտ մթերքները
500 գ «Մասկարպոնե» պանիր
Կարդացեք նաև
300 գ «Սավոյարդի» թխվածք (կամ՝ ”Дамские пальчики”)
5 ձու
1 բաժակ շաքարավազ
2 բաժակ որեւէ հյութ
1 բաժակ կոնյակ կամ մրգային լիկյոր
Հատապտուղներ կամ մրգեր (կարող եք վերցնել ցանկացած հատապտուղ՝ մորի, ելակ, մոշ, հապալաս, սեւ կամ կարմիր հաղարջ, ինչպես նաեւ՝ փափուկ մրգեր՝ սալոր, դեղձ, ծիրան, բալ եւ այլն):
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստեք կրեմը: Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացրեք: Դեղնուցը շաքարավազի հետ շատ երկար հարեք, ավելացրեք Մասկարպոնեն, շարունակեք հարել: Սպիտակուցը լավ հարեք, մինչեւ դառնա պինդ բեզե: Զգուշությամբ, գդալով եւ ոչ թե հարիչով, ավելացրեք դեղնուցա-մասկարպոնեի խառնուրդին:
Հյութի վրա ավելացրեք ալկոհոլը: Ընդ որում՝ աշխատեք հյութը համադրելի լինի ձեր ընտրած մրգերի հետ: Հատապտուղների հետ ավելի հարմար է վերցնել բալի կամ որեւէ այլ հատապտղի հյութ կամ կոմպոտ: Դեղձի հետ՝ նարնջի հյութն ավելի կսազի: Նույնը՝ ալկոհոլի պարագայում. հատապտուղների հետ կարող եք կոնյակի փոխարեն որեւէ հատապտղային լիկյոր ավելացնել, դեղձի եւ սալորի հետ՝ նարնջի լիկյոր կամ ռոմ:
«Սավոյարդիները» թաթախեք հյութի մեջ եւ շարեք թափանցիկ ուղղանկյուն ամանի մեջ: Վրան լցրեք կրեմի կեսը: Դրա վրա շարեք միրգ-հատապտուղները: Կարող եք վերցնել ինչպես մի տեսակի, այնպես էլ՝ տարբեր տեսակներ:
Կրկնեք գործողությունը՝ սավոյարդի, վրան՝ կրեմ, վրան՝ միրգ-հատապտուղները:
Պատրաստի Տիրամիսուն դրեք սառնարան՝ առնվազն 4-5 ժամով:
Մատուցելիս օգտագործեք գդալ եւ ոչ թե դանակ: Այս աղանդերը չափից դուրս նուրբ է եւ դանակով չի կտրվում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ