Պոլսահայ ճանաչված երգչուհի Սիբիլին կրկին Հայաստան է բերել սպորտը: Նա հրավիրված էր եւ երգեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ:
Սիբիլը, ինչպես խոստացել էր, Երեւանում առաջին հարցազրույցը տվեց «Առավոտին»:
– Ի՞նչ է նշանակում Սիբիլ: Դա քո իսկակա՞ն անունն է, թե՞ բեմական:
– Իմ իսկական անունն է, ազգանունս՝ Պեկթորոսօղլու: Սիբիլը միֆական անուն է եւ նշանակում է չաստվածություն: Բայց ծնողներս ինձ այս անունը դրա համար չեն տվել: Դա պոլսահայ բանաստեղծուհի Զաբել Ասատուրի ծածկանունն է: Նա իր ստեղծագործությունները հրապարակել է Սիբիլ մականունով:
Կարդացեք նաև
– Քեզ ներկայացնում են որպես մեկը Թուրքիայի լավագույն երգչուհիներից: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում:
– Լավագույններից մեկը լինելը վատ բան չէ: Բայց այդտեղ մի թերասացում կա: Ճիշտ կլիներ շեշտեին նաեւ պոլսահայ լինելս: Մենք մեզ պոլսահայ ենք կոչում՝ նկատի առնելով Ստամբուլի հին՝ հայկական անունը: Կխնդրեի, որ այդ բացը լրացվեր:
– Առաջին անգամ ե՞րբ ես եկել Հայաստան:
– 2001 թվականին: Սեպտեմբերի 21-ի առիթով մայրիկիս հետ եկել էինք որպես զբոսաշրջիկ: Այն ժամանակ ես դեռ երգում էի Սբ. Վարդանանց եկեղեցու երգչախմբում: Անկախության տոնի առիթով մայրիկիս հետ ներկա եղանք Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կազմակերպված շատ շքեղ տոնակատարությանը եւ համերգին: Հանդիսականների մեջ նստած՝ այն ժամանակ երազում էի, որ մի օր ես էլ երգեմ այդ բեմում: Դրա համար նաեւ աղոթել էի:
– Ու երազանքդ կատարվեց:
– Այո: Ճիշտ 10 տարի անց՝ 2011 թվականին: Երազս իրականացավ Համահայկական 5-րդ խաղերի բացման արարողության ժամանակ: Ու երգեցի նույն մարզադաշտում: Հրաշալի էր:
– Ինչպե՞ս ստացվեց, որ քեզ հրավիրեցին:
– Իմ երազանքներից մեկն էլ հայկական երգերով ալբոմ ձայնագրելն էր: Ալբոմը Թուրքիայում մեծ արձագանք գտավ ու այդ արձագանքը եկավ նաեւ Հայաստան: Հարցազրույցներիցս մեկում ասել էի, որ իմ ամենամեծ փափագներիցս մեկն Անիի ավերակներում «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը երգելն է: Այդ մասին տեղեկացել էր նաեւ ՀԽՀԿ նախագահ պարոն Իշխան Զաքարյանը, որը հարմար էր գտել, որ ես գամ Հայաստան եւ երգեմ Համահայկական 5-րդ խաղերի բացման արարողության ժամանակ: Դա եղավ պատճառը, որ առաջին անգամ Հայաստանում հայ ժողովրդի առջեւ հանդես եկա եւ մարդիկ ինձ ճանաչեցին:
– Դա քո առաջին ելույթն էր Հայաստանում: Իսկ դրանի՞ց հետո…
– Հայաստանում ուրիշ ծրագրերի մասնակցեցի: Անդրեի հետ Հ1-ում «Մենք ու մենք» ծրագրում ութ զուգերգ ունեցանք, որը նույնպես ինձ ճանաչում բերեց այստեղ: Հայաստան շատ եմ գալիս, ելույթներ ունենում եմ, մասնակցում մրցանակաբաշխությունների, բայց, դժբախտաբար, անձնական համերգ դեռ չի եղել:
– Վերջերս իրականացավ քո եւս մի երազանք, եղար Անիում:
– Դա անհավատալի էր: Համաշխարհային խաղերի կոմիտեի անդամները պետք է այցելեին Կարս, Վան, Տիգրանակերտ, Մուշ, Անի… պարոն Իշխան Զաքարյանն ինձ հեռաձայնեց եւ ասաց, որ ես էլ պետք է մասնակցեմ եւ Անիի ավերակներում երգեմ իմ այդքան սիրած երգը: Դա աննկարագրելի երջանկություն էր: Հուզմունքս շատ մեծ էր: Անիում այնպիսի զգացում ունեի, ասես, երգելու էի միլիոնավոր հանդիսականների առջեւ: Անիի օդը, հողը, շունչը ուրիշ է: Հուզմունք կար, սեր կար, տխրություն կար, բայց լույս ու արեւ էլ կար…
– Ստացվել է այնպես, որ քեզ Մայր Հայրենիքի հետ սպորտն է կապել: Ինքդ սպորտով զբաղվո՞ւմ ես:
– Դժբախտաբար, սպորտի հետ այնքան էլ կապված չեմ: Մի կարճ ժամանակ թենիսի դասեր եմ առել, խաղացել եմ բասկետբոլ, վոլեյբոլ: Բայց պրոֆեսիոնալ մակարդակով չեմ զբաղվել: Քայլել եմ սիրում:
– Քո երգացանկում թուրքական երգեր կա՞ն:
– Ոչ: Միայն Պոլսում կայացած համերգներից մեկում, որտեղ հանդիսականների մեջ իմ թուրք բարեկամներն էլ էին, դաշնամուրով թուրքերեն մեկ երգ երգեցի:
– Այնտեղ ինչպե՞ս են նայում այն բանին, որ դու հայկական երգեր ես երգում:
– Լավ: Ու խնդրում են՝ ասելով, որ իմ ձայնով թուրքերեն երգ էլ լսեն: Ընդհանրապես, որ երկրում էլ որ հանդես եմ եկել, թե հայերը, թե թուրքերը, թե այլ ազգերն ինձ ասում են. «Դու մեր Սիբիլն ես»: Դա ինձ շոյում եւ ոգեւորում է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2015