«Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող Ս.Դ.Հ.Կ. սփյուռքահայ երիտասարդներին ընդունելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց հայրենասիրության, Հայաստանում բանակաշինության գործընթացների եւ Հայրենիքի անվտանգության ապահովման գործում հայկական զինված ուժերի առջեւ դրված խնդիրների մասին:
Նախարարը հնչակ երիտասարդներին ներկայացրեց նաեւ ՀՀ ապագային ուղղված մեր հաղթական հակապատերազմի իր հինգ բանաձեւերը, որոնցով յուրաքանչյուր ժամանակահատվածում կունենանք հաղթանակներ:
- Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ: Ավելին, ամբողջ աշխարհում ապրում են բազում կրոնափոխ հայեր, որոնք ցանկանում են վերընդունել քրիստոնեությունը եւ համախմբվել Հայաստանի շուրջ: Հետեւաբար, մենք պետք է ունենանք 10 միլիոնից ավելի ժողովուրդ-բանակ, կամ բանակ-ժողովուրդ:
- Սփյուռքի գաղթօջախների յուրաքանչյուր ղեկավար մի գումարտակի հրամանատար է եւ հայ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ պետք է հայրենիքի նվիրյալ զինվորը լինի:
- Մենք սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ: Եվ եթե ամբողջ աշխարհի անվտանգության միջավայրը դիտարկենք որպես մի մեծ շրջանակ եւ Հայաստանը՝ դրա կենտրոնում, պարտավոր ենք դժվար իրավիճակում հայտնվելու դեպքում օգտվել դրանից: Այսինքն, աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը՝ կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական, ինչու չէ՝ նաեւ նյութական միջոցները ուղղել դեպի Հայաստան եկող սպառնալի սլաքները նվազագույնի հասցնելուն:
- Հայաստանն աստիճանաբար հզորացնելով՝ ընդլայնել Հայաստանի հնարավորությունները եւ ազդեցությունը թե տարածաշրջանում, թե միջազգային ասպարեզում: Հայաստանին ուղղված ջանքերը պետք է ուղիղ համեմատական լինեն շրջապատող երկրների տարածքներին եւ հակադարձ համեմատական՝ հակառակ ուղղությամբ:
- Մեր ապագային ուղղված անվտանգության հիմնական ուղղությունը «օրորոցային վրեժի» մեջ է: Որքան շատ երեխաներ ծնվեն, որքան օրորոցներ շատ լինեն հայ օջախներում, այնքան մեծ կլինի հայ ժողովրդի թվաքանակը, կլուծվեն ժողովրդագրությանը վերաբերվող բազմաթիվ խնդիրներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ