Օրերս կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, խոսելով բանակի խնդիրների եւ տղաների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, մտահոգություն հայտնեց, որ կայքերից մեկը զինվորի զանգի հիման վրա լուր էր հրապարակել այն մասին, որ զինվորները բոյկոտել են, դիրքեր չեն գնացել: Ըստ նրա, հակառակորդը կարող էր օգտվել եւ հարձակում գործել այդ դիրքերի վրա, ունենայինք զոհեր. «Ադրբեջանում եթե զինվորական սպան գնում է տուն եւ տան հեռախոսով խոսում է բանակից, մի ժամ հետո իրենց տուն է մտնում անվտանգության աշխատողն ու տանում ուղիղ բանտ: Իսկ մերոնք դիրքից զանգում են, ինչ-որ զինվոր, մի հատ լրատվամիջոց է ման գալիս, որ ասի, որ ինքը իր աշխատավարձից դժգոհ է: Հիմա այդ զինվորին բռնեն պատժեն՝ կասեն վա՜յ, հայ զինվորին պատժեցին»:
Այս առնչությամբ Aravot.am-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց՝ ռազմական անվտանգությունից ելնելով հնարավո՞ր է չթույլատրեն զինվորներին բանակում հեռախոսով խոսել: Նա պատասխանեց. «Անպայման զինվորը պետք է ունենա իրավունք բանակում հեռախոսով խոսելու ծնողների, հարազատների հետ: Նրանք պետք է տեղեկանան իրենց որդու առողջության, ծառայության մասին: Բայց պետք է հաշվի առնել, որ բանակային ծառայություն արդեն զրկում է մարդուն որոշակի ազատություններից: Կարծում եմ, մարդու իրավունքների խախտում չի լինի, եթե նրանց շփումները լրատվամիջոցների հետ սահմանափակվեն: Պատկերացրեք, մանավանդ անփորձ զինվորները ԶԼՄ-ների հետ շփվելիս նույնիսկ բառապաշարի իմաստով կարող է բաներ ասեն, որոնցից լուրջ խնդիրներ առաջանան: ԶԼՄ-ները, թող ինձ ներեն, ուղղակի շատերն ընկնում են միայն սենսացիաների հետեւից: Իսկ Ադրբեջանի այդ դեպքը, որ բանակ բառի համար բանտ են տանում, արդեն ծայրահեղություն է: Բացարձակապես դրանից չի կախված բանակի մարտունակությունն ու երկրի անվտանգությունը: Այս դեպքում ամենակարեւոր հարցը պետք է լինի բանակ-հասարակություն փոխադարձ վստահությունը: Ես չեմ ասում, որ հասարակությունը խնդիր չունի, բայց հիմնականում դա գալիս է բանակի ղեկավարությունից, կարգուկանոնից եւ ընդհանրապես պետության, իշխանության նկատմամբ ունեցած հարգանքից»:
Ըստ Ավետիք Իշխանյանի, բացարձակապես անընդունելի է գրաքննության ենթարկել լրատվամիջոցներին, որովհետեւ դա կարող է լինել ռազմական դրության, պատերազմական պայմաններում, որը ՀՀ-ում հայտարարված չէ. «Մոտեցումը հետեւյալ կերպ պետք է լինի՝ բանակը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի եւ բանակում զինվորների հետ աշխատանք պետք է տանել, նրանց պետք է բացատրել, թե որ դեպքում ինչպես պետք է խոսել եւ նույնիսկ տանն ինչպես պետք է խոսել: Դա պետք է լինի կիրթ, հայրական բացատրական աշխատանք, ոչ թե խիստ»:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ ոչ մի ԶԼՄ-ի չես կարող պարտադրել, թե ինչպես պետք է պատրաստի իր նյութը, դա ամեն ԶԼՄ-ի էթիկայի հարցն է. «Եթե ես ԶԼՄ-ի ղեկավար լինեի, այդպիսի բաներ չէի տպի: Բայց բոլորովին չեմ կարող մեղադրել այն լրատվամիջոցներին, որոնք այդպիսի բաներ տպում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ