«Դոգմա», «Որդան կարմիր», «Դեղ», «Լելոսիթի», «Նեմրա», «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ռոք խմբերն այսօր իրենց երաժշտությամբ էին լցրել Պողոսյան պարտեզները (Սիրահարների այգի):
Առիթը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ անցկացվող բարեգործական «Ամառային երաժշտական փառատոնն» էր, որի ընթացքում ներկաները նվիրատվություն էին կատարում COAF-ի՝ գյուղական համայնքներում առողջ ապրելակերպը խրախուսող ծրագրերի իրագործման համար:
COAF-ի հիմնադիր Կարո Արմենի որդու՝ Զաք Արմենի խոսքով՝ Հիմնադրամի գործունեության 11 տարիների ընթացքում դոնորների խոշոր նվիրատվությունների, աշխատակիցների նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ COAF-ի զարգացման ծրագրերը դրական ներգործություն են ունեցել Արմավիրի և Արագածոտնի 22 գյուղերի մոտ 30 հազար բնակիչների կյանքում: Իսկ 2014 թ. դեկտեմբերից ընդգրկվել է նաև Լոռու մարզը:
«Մեր նպատակն է ընդլայնել ծրագրերը և առաջիկա տասը տարում մեր հետքը թողնել Հայաստանի հարյուր գյուղերում: Բոլորիս միասնական եռանդի, ոգևորության շնորհիվ մենք կարող ենք փոխել Հայաստանի հազարավոր երեխաների կյանքը»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: 2004 թ. ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:
«Շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք կարևորություն են տալիս գյուղերին ու դրանց զարգացման ծրագրերին: COAF-ն այն քիչ կազմակերպություններից է, որն իր ողջ ներուժն է դնում գյուղական կյանքի որակի բարձրացման գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեռնագոգի (Արմավիրի մարզ) դպրոցի շրջանավարտ Էստելա Դավթյանը՝ երախտագիտությամբ հիշելով, որ տարիներ առաջ հենց COAF-ի շնորհիվ հիմնովին վերանորոգվեց իրենց դպրոցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ