Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 5-ին իր տան մեջ հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանը: Այդ տեղեկատվությունը «Առավոտը»՝ ինչպես նաեւ բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, քաղել էին shamshyan.com կայքից:
Երեկ, հղում կատարելով նույն shamshyan.com-ին, ասացինք, որ բերման են ենթարկել Մուշեղ անունով մի երիտասարդի եւ մի աղջկա:
Դրանից հետո Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տեղադրեցինք, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ սպանության մեջ մեղադրվող 20-ամյա մի երիտասարդի ձերբակալել են:
Այսօր արդեն բազմաթիվ կայքեր սկսեցին տարածել, որ ձերբակալված կասկածյալը Մուշեղ Մխիթարյանն է՝ «Յանուս» թատրոնի տնօրեն՝ դնելով Մխիթար Մուշեղյանի նկարը, որի մասին վերջին մեկ շաբաթում «Առավոտը» երկու հոդված էր գրել՝ հենց իր խնդրանքով: Դրանցից մեկում երիտասարդը պատմել էր , որ իր մահվան վերաբերյալ սուտ տեղեկություն է տարածվել, մյուսում ասել էր, որ իրեն եւ իր երեխային սպառնում են :
Կարդացեք նաև
Երեկոյան նաեւ Shamshyan.com-ը գրեց, որ կասկածյալը «Յանուս» թատրոնի տնօրենն է, բայց գրեց «20-ամյա» եւ «Մուշեղ Մխիթարյան»:
Ֆեյսբուքում կա «Յանուս» թատրոնի տնօրեն Մխիթար Մոս Մուշեղյանի էջը , որտեղ գրված է, որ նա 1982 թվականին է ծնվել, հետեւաբար, նա արդեն, ուզի թե չուզի, 33 տարեկան է:
Այսպիսով` ունենք հետեւյալ պատկերը. կա «Յանուս» թատրոնի երկու տնօրեն՝ մեկը 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին ձերբակալել են սպանության կասկածանքով, եւ մյուսը՝ 33-ամյա Մխիթար Մուշեղյանը:
Կրկնենք, որ լուսանկարներում, որոնք դրված են սպանության մեջ մեղադրվողի մասին հոդվածներում, 33-ամյա Մխիթար Մուշեղյանն է:
Ստացվում է, որ ակնհայտորեն գործ ունենք անձի երկվության հետ: Ընդ որում` այդ անձը բավական չէ՝ տարիքն ու անունն է փոխում, դեռ համառորեն՝ աշխատավայրը չի փոխում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ