Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին Ախուրյանի շաքարի գործարանում աշխատողները: Նրանց մի քանիսի փաստմամբ, դեկտեմբերի 25-ից գործարանը չէր աշխատում, 7 ամսվա դադարից հետո նոր միայն սկսել են աշխատել:
«Գրեթե միշտ այսպես է, երբեմն 3-4 կամ 3-5 ամիս աշխատում ենք, մնացած ժամանակ հարկադիր հանգստի մեջ ենք: Աշխատելու ընթացքում մոտ 50 հազար տոննա շաքարավազ ենք արտադրում, սա էլ հազիվ կարողանան տարվա կտրվածքով սպառել», -ասում են գործարանի աշխատակիցները: Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում շաքարավազ չի արտադրվել:
Ի նկատի ունենալով, որ շաքարի գործարանը Ախուրյանի վարչական տարածքում է եւ այս գյուղից շատ աշխատակիցներ կան, Aravot.am-ը գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց, թե՞ աշխատում է գործարանը: Գյուղապետն ասաց, որ գործարանի սեփականատերը համայնքային բյուջե հարկերը պարտաճանաչորեն փոխանցում է, սակայն գործարանի աշխատել-չաշխատելու մասին այս պահին հստակ տեղեկություն չունի, քանի որ աշխատակիցները մշտական չեն, ժամանակավոր են ու շուտ-շուտ փոխվում են:
Ախուրյանի շաքարի գործարանում աշխատողներից ոմանք եւս փաստեցին, որ այն մշտական աշխատանք լինել չի կարող, քանի որ գործարանը ամիսներով կանգնում է, նա, ով կարողանում է այդ ընթացքում աշխատանք ճարել, այլեւս շաքարի գործարանում չի աշխատում: Գյուղապետերից մեկն էլ, խնդրելով անուն-ազգանուն չհրապարակել, նեղվեց, թե շաքարի գործարանի տնօրինությունը այդպես էլ գյուղացիների հետ լեզու չգտավ, որ ճակնդեղ արտադրեին ու շաքարի գործարանին հանձնեին, գերադասեց կիսաֆաբրիկատ, ներկրած հումքով շաքարավազ ստանալ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ