Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական նիստը: Իսմայիլովան բողոքել է, որ դատարանի դահլիճ թույլ չեն տվել մուտք գործել «Ազադլիգ» թերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությանն ի պատասխան դատավորը հայտարարել է, որ գործընթացը թափանցիկ է: Սակայն Իսմայիլովան սկսել է գոռալ. «Թույլ տվեք լրագրողները մտնեն դահլիճ», «Ես ցուցմունքներ չեմ տալու»:
Պետական մեղադրողը առաջարկել է այդ փաստը ներառել գործում որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: «Դուք ինձանից հարգա՞նք եք պահանջում»,- պատասխանել է Իսմայիլովան:
Հաղորդվում է, որ գործով տուժող Թուրալ Մամեդովը չի մասնակցել այսօրվա դատական նիստին: Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, թե անիմաստ է առանց տուժածի շարունակել լսումերը: Դատավորը հրահանգել է Մամեդովին բերել դատարան մյուս նիստին:
Կարդացեք նաև
Դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը: Դատավորը Իսմայիլովային հարցրել է, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Լրագրողը պատասխանել է, որ ընդհանրապես չի հասկանում ինչում են իրեն մեղադրում. «Եթե այս մեղադրանքը ապացուցվի, Ձեզ 15 տարվա ազատազրկման կարող են դատապարտել: Դուք դա հասկանո՞ւմ եք»,- հարցրել է դատավորը:
«Դուք պատվերով եք աշխատում: Դուք կարող եք ինձ թեկուզ 25 տարվա ազատազրկման դատապարտել: Մինչեւ Թուրալը չհայտնվի դատարանում, ես ցուցմունք չեմ տա»,- պատասխանել է Իսմայլիովան:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովային մեղադրում են անձին ինքնասպանության հասցնելու մեջ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ