Նրան հանձնել են հրամանատարության հսկողությանը
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ համածառայողների մոտ իր թվացյալ գերակա դիրքը ցույց տալու, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով Վ. Դավթյանը հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Ս.Հ.-ին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վ. Դավթյանը 2014թ. օգոստոսի վերջին զորանոցում առանց որեւէ պատճառի, իր քմահաճույքից ելնելով, անվայել պահվածք դրսեւորելով, բռունցքով հարվածներ է հասցրել շարքային Ս.Հ.-ի ուսին եւ կրծքավանդակի շրջանին, այնուհետեւ զորամասի տարածքում գտնվող կամրջակի մոտ հայհոյել, ձեռքով եւ ոտքով հարվածներ է հասցրել Ս. Հ.-ի գլխի եւ հետույքի շրջանում, զորամասի մարզադահլիճում ձեռքի ափով հարվածել Ս. Հ.-ի մեջքին:
Կարդացեք նաև
Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով(«Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ