Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին ու դադարեցնեն նրանց նկատմամբ հետապնդումը, քանի որ նրանք երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն: Այս պահանջով է հանդես եկել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
2015 թվականի օգոստոսի 3-ին Արիֆ Յունուսի արյան ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ նա դատական նիստի ընթացքում կորցրել է գիտակցությունը: Արիֆ Յունուսը բժշկական օգնություն է ստացել օգոստոսի 4-ի եւ 5-ին դատական նիստերի ընթացքում, բայց վիճակը վատ է:
«Լեյլա եւ Արիֆ Յունուսների ձերբակալության եւ քրեական հետապնդման մասին որոշումը ծաղր էր արդարադատության հանդեպ, իսկ նրանց հետագա հետապնդումներն արժանի են դատապարտման: Տարեց մարդուն, որն այնքան հիվանդ է, որ նույնիսկ չի կարողանում նստել դատարանի դահլիճ բերելը միայն բացահայտում է այն ֆարսը, որ այս դատավարությունը քաղաքական ներկայացում է»,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը:
Չնայած այս քննադատություններին՝ այսօր Ադրբեջանում 3 լրագրող է ձերբակալվել: Ըստ Haqqin.az-ի՝ ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական լսումների լուսաբանման ժամանակ ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում ձերբակալվել են լրագրողներ Օրհան Ռուսթամզադեն, Շիրին Աբբասովը եւ Ռեւան Սեյֆուլլաեւը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ