Հայաստանին հանգիստ չեն տալիս զարգացած եվրոպական երկրների «դափնիները», եւ նա փորձում է նախագահական կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական, այսինքն՝ ամբողջությամբ փոխել երկրի Սահմանադրությունը: Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումներին կատարած անդրադարձում ռուսական «Росбалт» պարբերականը գրել է, թե չի բացառվում, որ այս գործում Եվրոպան դերակատարում չունի. ուղղակի Սերժ Սարգսյանն է ցանկանում պահպանել իշխանությունը:
Կայքը այս եզրակացությանն է եկել՝ ծանոթանալով բարեփոխումների նախագծին: Հոդվածագիրը նաեւ ծիծաղելի է համարել նոր սահմանադրության այն դրույթը, որով խորհրդարանը պետք է բաղկացած լինի 101 պատգամավորից ներկայիս 131-ի փոխարեն, եւ պետք է կուսակցություններից մեկը կայուն մեծամասնություն ունենա:
«Росбалт»-ը նշել է, թե ինչ վերաբերում է նախագահին՝ նրա համար նախատեսված է «անգլիական թագուհու» կարգավիճակը՝ հայկական տարբերակով: «Իսկ ավելի հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հայ համայնքի արձագանքը, որոնց փորձում են խաբել ժողովրդավարական կոչերով»,- գրում է կայքը:
Ըստ հոդվածագրի՝ խորհրդարանական ընտրությունների նոր համակարգի պատճառով ուժերի վերադասավորում տեղի կունենա, քանի որ մի շարք ուժեր չեն կարողանա ընտրվել մտնել Խորհրդարան: «Կարելի է կանխատեսել, որ ոչ միայն կուսակցությունների, այլեւ՝ ազգի ներսում պառակտում կլինի: Այդպիսով «մայդանը» գաղտագողի մոտենում է Հայաստանին եւ այն ճնշելը, վստահաբար, մեղմ չի լինի»:
Կարդացեք նաև
Կայքին հետաքրքրել է նաեւ, թե ինչպես կարձագանքի եւ ինչ քայլեր կձեռնարկի մինչ այս պահը դիրքորոշում չհայտնած Ռուսաստանը. «Եթե Հայաստանում հասունանա «գունավոր» կռիվը, նա ստիպված կարձագանքի եւ թույլ չի տա, որ Հայաստանում իշխեն քաղաքական գործիչներ, որոնք կանտեսեն Ռուսաստանի շահերը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ