Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադարձավ Թուրքիայում այն քաղաքական ճգնաժամին, որն առաջացել է հունիսի 7-ի ընտրություններից հետո:
Նրա խոսքերով՝ հունիսի 7-ին ընտրություններ են եղել, բայց կառավարությունը դեռ չի կազմվել եւ որեւէ հիմք էլ չկա, որ կկազմվի. «Դավութօղլուն շուտով՝ օգոստոսի 26-ին, պետք է հանձնարարականը հետ հանձնի նախագահ Էրդողանին, որ՝ չեմ կարողացել կազմակերպել: Ժամանակ էլ չի մնում, որ ազգայնական շարժում կուսակցությունների հետ բանակցություններ վարի: Ինձ թվում է՝ դիտավորյալ ձգձգում է, որպեսզի կառավարություն, հատկապես ամուր, հանկարծ չկազմվի: Ազգայնական շարժում կուսակցությունը 150 տեղանոց խորհրդարանում 80 պատգամավոր ունի, կարող է համաձայնության գան միասին եւ մի քանի ամիս հետո նշանակեն նոր ընտրություններ: Կամ էլ Էրդողանի կուսակցությունը կկազմի փոքրամասնության կառավարություն: 258 պատգամավոր ունի, միանձնյա ղեկավարելու համար 276 է պետք: Պետք է Ազգայնական կուսակցության պատգամավորները աջակցեն, որ կազմեն կառավարություն, բայց իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում զիջել, միանձնյա իշխանության մասին է խոսքը: Փոխվարչապետը հստակ հայտարարեց, որ մեզ վայել չի կոալիցիոն կառավարություն կազմել, մենք միանձնյա պետք է իշխանության ղեկին լինենք: Բայց ընտրությունների արդյունքները այդ հնարավորությունը չեն տալիս, ի՞նչ պիտի անել՝ խարդախության, ամեն մի ցանցառության միջոցով ուզում են ամեն կերպ մնան ու մնում են: Արդեն 2 ամիս է անցել, երկրի առջեւ այդպիսի բարդ խնդիրներ են առաջացրել ներսում եւ դրսում: Դավութօղլիի կառավարությունը, որը լիազորությունները վայր է դրել, ճակատագրական որոշումներ է ընդունում՝ լինելով ժամանակավոր պաշտոնակատար»:
Հարցին՝ Դեմիրթաշի դեմ քրեական գործի հարուցումը նպատակ ունե՞ր նոր ընտրություններից առաջ հեռու պահել ընտրական գործընթացներից՝ Հակոբ Չաքրյանը պատասխանեց, որ նպատակ ուներ հնարավորինս ջլատել եւ զրկել Դեմիրթաշին քարոզարշավ ծավալելու հնարավորությունից, որովհետեւ շատ սուր է խոսում. «Ընտրություններից առաջ, երբ Էրդողանն իրավունք չուներ քարոզարշավ ծավալելու, մտնում էր ամբողջ երկրով մեկ, մի խանութից մյուսն էր վազում, թե բացումներ եմ կատարում: Շենք էր բացվել մի տարի առաջ, բացվածը նորից էր բացում: Դեմիրթաշն էլ դրա առթիվ հանրահավաքի ժամանակ ասել էր՝ ես դիմում եմ հանրությանը, իմ քույրերին, մայրիկներին, որ ով տանը կոնսերվա, լիմոնադ կամ խմոր բացի, թող անպայման Էրդողանին հրավիրի: Քանի որ բացում է, նա կվազի, կգա, բայց մի բան խնդրեմ՝ գրտնակը հանկարծ ձեռքներիցդ բաց չթողնեք: Էրդողանը դրա վրա այնպես էր կատաղել՝ կոնսերվա, լիմոնադի վրա, բայց իսկապես խայտառակություն է, որ երկու տարի առաջ բացված օբյեկտը նորից է բացում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև