Մոլորակը մեզ պատասխանում է օդի բարձր ջերմաստիճանով
Այսօրվանից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է: Այս մասին «Հենարան» ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ օգոստոսի10-ից կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Սուրենյանի խոսքերով՝ այս տարվա հուլիս ամիսը պատմության ընթացքում ամենաշոգ հուլիսներից է եղել: Մասնագետն ասաց՝ նախորդ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է երկու խոշոր ջերմային ալիք. «Առաջին ջերմային ալիքը հուլիսի 1-10 ընկած ժամանակահատվածում է եղել, եւ այդ ժամանակահատվածում գրանցվել է մինչեւ 40,5 աստիճան: 2-րդ ջերմային ալիքը գրանցվել է հուլիսի 25-ից: Այդ ժամանակահատվածում գրանցվել է 39-41 աստիճան: Սյունիքում եղել է 41-42 աստիճան: Այսպիսի ջերմային ռեժիմ եղել է նաեւ 2011-ի հուլիսի 31-ին, եւ գրանցվել է 42 աստիճան»:
Մինչեւ օգոստոսի 9-ը, ինչպես ասաց Սուրենյանը, կդիտվի 36 աստիճան տաքություն, «իսկ արդեն այս ամսվա 10-ից Իրաքից նոր ջերմային ալիք է մոտենում, ամսի 11-ին կգրանցվի 39 աստիճան, իսկ մնացած մի քանի օրերին` մինչեւ 42 աստիճան»:
Կարդացեք նաև
Մասնագետը վստահեցրեց, որ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում, իսկ արդեն ամսի 9-ից կդիտվի չոր օդային եղանակ:
Սուրենյանը բնակչությանը հորդորեց զգոն լինել, որովհետեւ հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է: «Կլիմայի գլոբալ փոփոխության հետ է կապված այս ամենը: Սա մոլորակի պատասխանն է մեզ»,- ասաց Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ մեր հանրապետությունում խոնավության պակաս կա, ուստի գյուղացիներին խորհուրդ է տրվում կատարել ինտենսիվ ոռոգում:
Սուրենյանն ասաց, որ նկատվել են նաեւ անոմալ երևույթներ. 41 աստիճան շոգից հետո եղել է անձրեւ, որը աննախադեպ եւ անոմալ երեւույթ է:
Առաջիկա երեք օրերին սպասվում են բավականին ուժեղ քամիներ, ըստ մասնագետի, ողջ օգոստոս ամսին կդիտվի նորմայից բարձր ջերմաստիճան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ