Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով` քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամը չի հանգուցալուծվել, Վրաստանում Ասոցացման համաձայնագիրը գործողության մեջ դնելը կդանդաղի
«Վրաստանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում`նշելով իր քաղաքական գիծը եւ չանտեսելով տնտեսական հարաբերությունները հարեւանների հետ: Վրացիները ՌԴ-ում նաեւ լուրջ սփյուռք ունեն: Ունենալով քաղաքական կարմիր գծեր, իրենք բավական ակտիվ խորացնում են տնտեսական հարաբերությունները մյուս հարեւանների հետ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Հարցին`ի՞նչ տվեց Ասոցացման համաձայնագիրը Վրաստանին. շահե՞ց, թե՞ տուժեց այդ երկիրը, վրացագետը նկատեց, որ ընդհանրապես, ինչքան լավ հարաբերություններ ունենան ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն, այդքան շահում է նախ Հայաստանը, ապա Վրաստանը: Իսկ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագիրը դեռ ԵՄ ոչ բոլոր երկրների պառլամենտներն են վավերացրել, ու այսօր վրացի տնտեսագետներն էլ են խոսում այն մասին, որ ոչ ոք արագ փոփոխություններ չէր ակնկալում: Վերլուծաբանի կարծիքով՝ Ասոցացման համաձայնագիրը գործողության մեջ դնելու համար տարիներ են պետք, մանավանդ, որ ԵՄ-ն հետեւում է արտադրանքի ողջ գործընթացին: Իսկ դա մեծ գումարներ ու ներդրումներ է պահանջում: «Ասել, որ ԵՄ-ի բազմամիլիոնանոց շուկան բացվել է…, մինչ այդ էլ բաց էր. ՀՀ-ն էլ, Վրաստանն էլ GSP+ համակարգով էին աշխատում ԵՄ-ի հետ, ինչը բազում արտոնություններ էր տալիս: Կար PR`երկրներին իրենց կողմը գրավելու, արվեց. Վրաստանը գնաց իր ուղղությամբ, ՀՀ-ն`իր: Տարբերությունը դեռ նկատելի չէ»,- ասում է վրացագետը` հավելելով, որ այսօր Վրաստանում էլ բազում խնդիրներ կան` էլեկտրաէներգիայի, գազի թանկացման հարց է կանգնած, ալյուրն է թանկացել, չնայած, որ գյուղատնտեսական տարին լավն էր, լարին արժեզրկվում է, տրանսպորտի խնդիր էլ կա, այնտեղ էլ լուրջ սոցիալական խնդիրներ կան, այնպես, որ բավական հետաքրքիր շրջան է սպասվում, մանավանդ, որ հաջորդ տարի էլ խորհրդարանական ընտրություններ են:
Կարդացեք նաև
Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանի իշխանությունը փորձեր անում է վտանգները նվազագույնի հասցնելու համար, ներդրումներ են բերվում, տուրիստական հոսք կա, բայց այդ ամենը չազդեց, որ լարին կայունանա:
Փորձագետը կարծում է, որ Վրաստանի պարագայում էական դերակատարում ունի նաեւ Ուկրաինայի խնդիրը, որը մի կողմից արագացրեց Վրաստանի ԵՄ Ասոցացումը, բայց մյուս կողմից էլ դանդաղեցնում է ասոցացման բուն գործընթացը: ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի վերանայման հարցը, ըստ բանախոսի, դեռ կձգվի, քանզի ԵՄ-ն Ուկրաինայի համար այժմ այդ արտոնությունը չի կարող սահմանել, թեպետ ակնկալվում էր, որ մինչեւ տարեվերջ Վրաստանի համար այդ արգելքը կհանվի: Ու քանի որ Ուկրաինային չի տրվում, Վրաստանի հարցն էլ կհետաձգվի, որքան էլ ԵՄ-ում հավաստիացնում են, թե անհատական մոտեցում են ցուցաբերելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ