Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհին փելեշյանական կինո պարգեւած երկրի փառատոներում պարտադիր է «Լավագույն մոնտաժ» անվանակարգը

Օգոստոս 07,2015 16:00

Կինոգործիչները կհաստատեն, թե ցանկացած ֆիլմի հաջողության «առյուծի բաժինը» մոնտաժն է, որ այն կինոյի ողնաշարն է։ 1928թ. հիմնադրված ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ սկսած 1935թ., սահմանել է «Լավագույն մոնտաժի համար» անվանակարգ, որն ունեն բրիտանական ակադեմիայի կինո եւ հեռուստատեսային արվեստների (BAFTA), «Ոսկե արծիվ» կինոարվեստի ռուսական եւ այլ կինոփառատոներ։ Սակայն որոշ հեղինակային փառատոներում, օրինակ՝ «Նիկա», Կաննի «Ոսկե առյուծ», սահմանված չէ հիշյալ անվանակարգը։ Հայաստանյան կինոփառատոներում էլ է բացակայում «Լավագույն մոնտաժ» անվանակարգը, մինչդեռ լեգենդար կինովավերագրող Արտավազդ Փելեշյանի առաջին ֆիլմերը մաեստրոն «հավաքել» է այլ ֆիլմերից դուրս մնացած կադրերով, այսինքն՝ բարձրարվեստ աշխատանքները հենց մոնտաժի լավագույն օրինակներ են։

Վերջին տասնամյակներում կինոմոնտաժի արվեստը՝ շնորհիվ թվային տեխնոլոգիաների եւ համակարգչային ծրագրերի, հասել է այն աստիճանի, որ գերազանցում է ամենաբարձրակարգ աճպարարական արվեստին, ավելին, այն հատել է մարդկային երեւակայության սահմանները։

«Առավոտին» գրավեց մոնտաժային բարձր արվեստով ներկայացված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզը» խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, որոնք տեսել են հայերի կոտորածը։ Ֆիլմն էլ պատմում է համամարդկային ցավի, մեր ազգին պատուհասած փորձությունների մասին, աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող օտարազգի հինգ կին հումանիստների մասին, որոնք Հայոց ցեղասպանության ականատեսներն են եւ մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրները։ Անկասկած, ռեժիսորական հիանալի աշխատանք է կատարված, բայց նշենք 100 րոպե տեւողությամբ ֆիլմում իրար հաջորդող կադրերի, տեսարանների, էպիզոդների բարձրարվեստ մոնտաժը, որի հեղինակը երիտասարդ արվեստագետ Մանվել Հակոբյանն է։

Մեզ հետ հանդիպման ժամանակ դիտարկմանը, ասում են՝ անպակաս են կինոռեժիսորի եւ մոնտաժողի բանավեճերը, տարաձայնությունները, Մանվել Հակոբյանը պատասխանեց. «Մոնտաժային աշխատանքների ընթացքում նման խոսակցությունները, իհարկե, անպակաս են, բայց չմոռանանք, որ մինչեւ մոնտաժի փուլը՝ ֆիլմի ստեղծման առաջին րոպեից ռեժիսորի, օպերատորի փորձառությունն ու աչքն են որսում յուրաքանչյուր կադր։ Ի վերջո, կադրից կադր անցումները մոնտաժողն է որոշում, իհարկե՝ ռեժիսորի հետ համաձայնեցված»:

6-3

Կադրեր «Բացահայտիր Հայաստանը» ֆիլմից:

Կադրեր «Բացահայտիր Հայաստանը» ֆիլմից:

Վաղուց մոնտաժի հին մեթոդին՝ մկրատով կտրտել ժապավենն ու «հավաքել» ֆիլմը, փոխարինում են բարձր տեխնոլոգիաներն ու ծրագրերը, այսինքն՝ անհամեմատ հեշտացվել է մոնտաժողի աշխատանքը։ Մեր զրուցակիցը նշեց, որ մոնտաժային ծրագրերում օրեցօր ավելանում են նորանոր հնարավորություններ. պետք է անպայման հետեւել դրանց, լինել տեղեկացված, հակառակ դեպքում՝ պարզապես առաջընթաց չես ապրի մասնագիտությանդ ոլորտում։ Հավելեց նաեւ, թե այսօրվա տեսախցիկներով աշխատանքը հետագայում մեծ հնարավորություն է ընձեռում մոնտաժողին՝ ավելի դիպուկ, առանց սցենարն աղճատելու մոնտաժել ֆիլմը։ Բայց որ մոնտաժողը պետք է օժտված լինի բարձր ճաշակով ու վառ երեւակայությամբ, սրանում երկրորդ կարծիք չի կարող լինել։

Մանվել Հակոբյանը զրույցի ընթացքում ներկայացրեց նաեւ հիմնական աշխատավայրում՝ «Միր» միջպետական հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղում կատարած իր մեկ-երկու աշխատանքները։ «Այս օրերին «Հ1»-ով ցուցադրվում է «Բացահայտիր Հայաստանը» վավերագրական ֆիլմաշարը (կինոռեժիսոր՝ Արամ Շահբազյան), որը ներկայացնում է հայաստանյան եկեղեցիները, եւ մոնտաժային աշխատանքներն իմն են։ Նշեմ, որ իրականացրել եմ նաեւ մեր ժամանակների հերոսների մասին պատմող ֆիլմեր եւ այլն: Անկասկած՝ պատասխանատվությունը մեծ է, քանի որ «Միր»-ը սփռվում է ԱՊՀ երկրների տարածքում, իսկ իմ աշխատանքներն էլ հիմնականում ներկայացնում են հայաստանյան մշակույթը»,- հայտնեց մոնտաժողը։

Կադր «Փրկության քարտեզը» ֆիլմից

Կադր «Փրկության քարտեզը» ֆիլմից

Հարցին, թե իրեն ավելի շատ ձգում են վավերագրակա՞ն, թե՞ խաղարկային ֆիլմերը, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Վավերագրական, որտեղ ես ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը ջրում»։ Իսկ թե ինչո՞վ կբացատրի այն փաստը, որ հայաստանյան կինոփառատոներում բացակայում է «Լավագույն մոնտաժ» անվանակարգը, մասնագետի պատասխանը հնչեց իբրեւ մեր հարցի լրացում. «Այն էլ Փելեշյան ունեցող երկրի համար…»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31