Զորավան համայնքի (Կոտայքի մարզ) հատկապես երեխաներն անհամբերությամբ եւ ուրախությամբ են հետեւում մանկապարտեզի շրջակայքում օրերս ծավալված շինարարական աշխատանքներին. մանկական զբոսայգի է կառուցվում: Իսկ դա նշանակում է, որ մոտ ապագայում կունենան հետաքրքիր, զով ու հաճելի ժամանցի վայր: Ավելին, մայրիկներին այլեւս չեն ստիպի, որ ամառային շոգ օրերին իրենց տանեն մայրաքաղաքի զբոսայգիներ: Գյուղապետ Բաղդասար Թովմասյանը վստահեցնում է՝ «Ոչնչով չի զիջելու, այսպես ասած, երեւանյան զբոսայգիներին»: Ավելի քան 1.5 հեկտար տարածքն աստիճանաբար, հատված առ հատված է կառուցապատվելու: Առաջին հատվածի համար համայնքի բյուջեից ներդրվել է 14,6 միլիոն դրամ՝ ցանկապատի, ասֆալտապատման, սալիկապատման, կանաչապատման, ոռոգման ջուր անցկացնելու, մանկական խաղահրապարակը կահավորելու եւ այլ աշխատանքներ իրականացնելու համար: Բաղդասար Թովմասյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին բնակավայրի հետ կապելու գործընթացում զբոսայգին կարեւոր գործոն կհանդիսանա. «Երեկոյան ժամերին բոլոր զորավանցիներն էլ, օրվա գործերից ու հոգսերից հոգնած, նման մի գողտրիկ անկյունում միմյանց հետ շփվելու, հանգստանալու կարիք ունեն: Իսկ ահա հարեւանությամբ գտնվող «տարեցների անկյունը» եւս կկերպարանափոխվի: Կարեւորը՝ կա գիշերային լուսավորություն, ցայտաղբյուր»: Տեղացիները հույս ունեն, որ զբոսայգին կդառնա բացօթյա միջոցառումների վայր. հաճախակի կհնչեն երգն ու երաժշտությունը, մարդկանց դեմքին ժպիտը կավելանա… Երեխաներից ոչ պակաս ոգեւորված է հենց ինքը՝ Բաղդասար Թովմասյանը, խոստովանում է, որ իր ժամանակներում միայն երազել կարելի էր գյուղում կարուսել ունենալու մասին: Նախատեսված է մինչեւ հոկտեմբերի 1-ը կառուցել ավելի քան կես հեկտար տարածք, եւ զբոսայգին կբացի իր հյուրընկալ դռները:
ԱԳՆԵՍԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
06.08.2015