Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջ սունկը»-ը վստահեցնում է՝ եթե պարզվի տհաճ հոտի մեղավորն իրենք են, լրացուցիչ ֆիլտրեր կտեղադրեն

Օգոստոս 07,2015 13:35

 

Թեեւ բնապահպանության նախարարությունը ամփոփել է «Առողջ սունկ» ընկերությունում իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու դրանք հրապարակել, այնուամենայնիվ, մասնագիտական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել ընկերության հումքի արտադրամասի՝ մթնոլորտային օդի աղտոտման փաստը: Այս ուսումնասիրության արդյունքներն էլ կհրապարակվեն առաջիկա օրերին: «Առողջ սունկ» ընկերությունը վստահեցնում է, որ դեռեւս չի ստացել բնապահպանության նախարարության հետազոտությունների մասին փաստաթղթերը, սակայն հիմա ուսումնասիրում է նախնական տարածված տեղեկությունները: Ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի հավաստմամբ՝ ներկայումս արտադրամասում դրված են սարքավորումներ, որոնք չափում են օդում այլ նյութերի պարունակությունը, իսկ ստեղծված հատուկ հանձնաժողովը գործարան է այցելում գրեթե ամենօրյա ռեժիմով:

Հարցմանն ի պատասխան՝ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը հայտնեց, որ «Առողջ սունկ»-ում իրականացվել է ստուգում (սա արդեն 3-րդ ստուգումն է)՝ Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2015թ. հուլիսի 22-ին գրավոր տեղեկատվությամբ պահանջվող հարցերի պարզաբանման նպատակով. «Ստուգումը տեւել է հուլիսի 22-ից հուլիսի 30-ը: Լաբորատոր չափագրումների արդյունքում պարզվել է, որ ամիակի միանգամյա արտանետումների չափաքանակները գերազանցում են սահմանային թույլատրելի արտանետումների՝ ՍԹԱ թույլտվությամբ տրված նորմերը, ինչը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում է: Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի: Խախտվել են նաեւ «Լիցենզավորման մասին»  օրենքի պահանջները, ըստ որի՝ նշված գործունեությունը ենթակա է լիցենզավորման: Նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի կողմից 2015թ. հուլիսի 30-ին որոշում է ընդունվել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին»:

Ընկերության տնօրենի ներկայացմամբ՝ իրենք ամենից շատ են շահագրգիռ, որ պարզվի տհաճ հոտի աղբյուրը. «Այժմ էլ արտադրամասի տարածքում տեղադրված չափիչ սարքերն իրականացնում են արտանետման նմուշառում: Հավաստիացնում եմ, որ մեր ընկերությունը բնավ նպատակ չունի վտանգել քաղաքացիների առողջությունը, անհարմարություններ ստեղծել բնակչության համար կամ գարշահոտ տարածել: Այժմ ուսումնասիրում ենք հրապարակված փաստաթղթերը, որոնցից համապատասխան հետեւություններ կարվեն»: Ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին, Դավթյանը նշեց, որ թռչնաղբի օգտագործումը լիցենզավորում չի ենթադրում թե Հայաստանում, թե Եվրամիության  եւ Եվրասիական տնտեսական միության երկրներում, եւ իր տարակուսանքը հայտնեց որոշման վերաբերյալ՝ ասելով, որ ընկերությունը պահպանում է էկոլոգիական չափանիշները. «Մենք օգտագործում ենք էկոլոգիապես բացարձակապես անվտանգ ժամանակակից տեխնոլոգիաներ: Արտանետումների անվտանգությունը երաշխավորելու համար արտադրամասում ներդրվել են սնկի կոմպոստի արտադրություններում կիրառվող վերջին սերնդի կենսաֆիլտրեր եւ հատուկ համակարգ` Եվրոպայի լավագույն մասնագետների մասնակցությամբ»: Ընկերության տնօրենը վստահեցրեց՝ եթե հետազոտությունները պարզեն, որ տհաճ հոտի աղբյուրը արտադրամասն է, ապա անմիջապես կտեղադրվեն լրացուցիչ ֆիլտրեր եւ կարվեն տեխնոլոգիական թարմացումներ:

Դավթյանի կարծիքով` ամռան շոգ եղանակով պայմանավորված՝ տարածքում հավանական են գարշահոտի այլ աղբյուրներ, որոնք մեխանիկորեն կապվում են ընկերության հետ. «3 ամիս առաջ ՍՊԸ-ն որոշ ժամանակով դադարեցրել էր արտադրությունը: Այդ դադարի ընթացքում եղավ հոտի վերաբերյալ բողոք: Մենք ինքներս հրավիրեցինք  բնապահպանության նախարարության աշխատակիցներին, որոնք գրավոր արձանագրություն կազմեցին, ըստ որի՝ առկա է հոտի խնդիր, սակայն այդ ընթացքում «Առողջ սունկը» չի աշխատել: Ընդ որում, 2014թ.-ին բնապահպանության նախարարության ստուգումներիից հետո  ընկերությունն  անխափան աշխատել է մինչեւ 2015-ի ամառը եւ հոտի վերաբերյալ որեւէ բողոք չի եղել»: Սուրեն Դավթյանը կարծիք հայտնեց, որ  անհրաժեշտ է առանձին հետազոտություն անցկացնել բնակչության առողջության վրա եղած ազդեցության մասով, որովհետեւ այդ ուսումնասիրությունը բազմաթիվ կասկածներ կփարատի. «2014-2015 թվականներին ձեռնարկությունում մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել առողջապահության նախարարությունը, արտադրամասի աշխատակիցները բուժզննում են անցել, որոնց արդյունքում փաստվել է, որ նրանք առողջական խնդիրներ չունեն, իսկ օդից վերցված նմուշները եղել են նորմայի սահմաններում»:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանը, որը «Առողջ սունկ»-ի սնկի հումքի արտադրամասի մթնոլորտային օդի աղտոտման փաստն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողովի նախագահն է, նշեց, որ հանձնաժողովի աշխատանքները դեռ շարունակվում են. «Հանձնաժողովը դիմել է Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ մասնագիտական լաբորատորիաներ հրավիրելու նպատակով: Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 27-ին գործարանի տարածքում տեղադրել է մոնիտորինգի 7 սարքավորում: Աշխատանքները կավարտվեն շաբաթվա վերջին, որի արդյունքների հիման վրա հանձնաժողովը կկարողանա անել եզրակացություն եւ ներկայացնել առաջարկություններ»:

Հանձնաժողովը կազմված է 14 անդամից, ներկայացուցիչներ կան բնապահպանության եւ առողջապահության նախարարություններից, բնապահպանության նախարարության մարզային տեսչության պետը, Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաներ, «Առողջ սունկ» ընկերության տնօրենը եւ 7 բնակիչ: Հանձնաժողովի նախագահը նույնպես նշեց, որ  նմուշառման աշխատանքները այժմ էլ շարունակվում են:

Բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց նաեւ, որ «Առողջ սունկ»-ում առաջին անգամ ծրագրային ստուգում իրականացրել է 2014 թվի հուլիսի 21-ից  օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ստուգման արդյունքում  պարզվել էր, որ խախտվել էին «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի եւ «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները: Տրվել էր նաեւ հանձնարարական` կոմպոստի արտադրությունից առաջացող գարշահոտությունը վերացնելու նպատակով կատարել անհրաժեշտ աշխատանքներ` համաձայն ընկերության տնօրենի կողմից  կազմված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի՝ 2 ամիս ժամկետով: Ստուգման արդյունքում հանձնարարական էր տրվել նաեւ գարշահոտությունը վերացնելու նպատակով մշտապես հսկողություն սահմանել մաքրող սարքավորումների՝ ֆիլտրերի  անխափան աշխատանքների իրականացման նկատմամբ:

2-րդ ստուգումն իրականացվել է բնապահպանության նախարարի մեկ այլ  հանձնարարագրի հիման վրա 2014 թվի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 7-ը` նախորդ ստուգման արդյունքում տրված հանձնարարականի պահանջների կատարման ընթացքը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ ընկերությունը կատարել էր նշված աշխատանքները, եւ հարակից տարածքի բնակիչների մեկնաբանմամբ` գարշահոտությունը գրեթե վերացել էր, ինչը նաեւ հաստատվել է բնակիչների ստորագրությամբ:

Նշենք, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ն  Հայաստանի խոշոր հարկատուներից եւ արտահանողներից է, ընկերությունն արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում, Աբովյան եւ Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաեւ Տաշիրում, եւ 200-ից ավելի աշխատատեղ է ապահովում:

Ս. Բ.

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31