Լրահոս
Օրվա լրահոսը

Շինհրապարակներից նյութական արժեքների գույքագրումից եւ հավաքագրումից հետո «Գլենդել Հիլզը» կվճարի 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը

Օգոստոս 07,2015 14:00

«Մենք ճանապարհներ փակող չենք, գլուխ ջարդող չենք, մեզ համար գլուխներս կախ աշխատել ենք, հիմի էլ մեր հալալ քրտինքով վաստակած գումարներն ենք պահանջում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության նախկին աշխատակիցներից մեկը՝ Ֆրունզիկ Մկոյանը: Նա անցյալ տարվա օգոստոսից այլեւս ընկերության աշխատակիցը չէ: Ընկերությունը Ֆրունզիկ Մկոյանին պարտք է երեք ամսվա աշխատավարձի գումար:

Ըստ Ֆրունզիկ Մկոյանի՝ երբ մարդիկ որեւէ դժգոհություն են ունենում ու փողոցները փակելու միջոցով են փորձում հարցը լուծել, վարչապետը հորդորում է օրենքի շրջանակներում խնդրին լուծում ակնկալել. «Բայց օրենքով էլ բողոքում ենք, մեր խնդիրը չի լուծվում»,- ասում է նա:

Երեկ Շիրակի մարզի «Գլենդել Հիլզ» ընկերության Ախուրյան շինարարության ութ աշխատակիցներ գրավոր դիմել են «Առավոտ» օրաթերթին՝ նշելով, որ ընկերությունն իրենց աշխատավարձերի պարտքեր ունի: Ինչպես նամակում է նշված, կան մարդիկ, որոնք մեկ տարուց ավելի գումար չեն ստացել, կան աշխատակիցներ էլ, որոնց ընկերությունը պարտք է մեկ-երկու ամսվա աշխատավարձ: Նրանք դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ նախագահին, քաղաքաշինության նախարարին: Վարչապետը գյումրեցիների դիմումը մակագրել է ընկերությանը, հանրապետության նախագահի գրասենյակից դեռ պատասխան չեն ստացել, քաղաքաշինության նախարարությունից էլ հայտնել են, որ հարցի կարգավորումը դուրս է նախարարության իրավասությունների շրջանակներից, եւ որ նրանց դիմումը վերահասցեագրվել է «Գլենդել Հիլզ» ընկերություն՝ սեղմ ժամկետներում հարցը կարգավորելու եւ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ընկերության նախկին 8 աշխատակիցների բողոքի առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են: Ըստ նույն աղբյուրի. «Չի կատարվել բացառապես վերոհիշյալ 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը, որոնք բոլորն էլ նյութական արժեքների պատասխանատուներ են: Ներկայում ընկերությունն իրականացնում է իրեն պատկանող նյութական արժեքների գույքագրում եւ հավաքագրում շինհրապարակներից: Ուստի վերջնահաշվարկը կկատարվի այս գործընթացի ավարտից հետո միայն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31