Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մինասյանի դուստրն իր հոր արխիվը նվիրեց թանգարանին

Օգոստոս 07,2015 13:00

Նյու Յորքում բնակվող դիմահարդար, դասախոս, լրագրող, բանաստեղծուհի  Արմինե Մինասյանի մանկությունն ու երիտասարդությունն անցել է Իրանի Նոր Ջուղա հայաբնակ քաղաքում: Նա պատմագիր, Նոր Ջուղայի թանգարան-տպարանի տնօրեն Լեւոն Մինասյանի դուստրն է:

Երեկ Արմինե Մինասյանը ԱՄՆ մեկնելուց առաջ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե Հայաստանում էր գտնվում հոր արխիվի առնչությամբ:

Պատմաբանը մոտ 80 գրքերի հեղինակ է, որից 35-ը նվիրված է Նոր Ջուղային:

«Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է իր ազգին: Նրա մեծ ցանկությունն էր իր ողջ արխիվը, այդ թվում՝ անձնական գրադարանը, տեղափոխել հայրենիք: Մոտ երեք հազար կտոր գիրք ուներ նա: Գրքեր, որոնք տպագրվել են Կ.Պոլսում, Կալկաթայում, Վենետիկում՝ սկսած 1700, 1800 թվականներից»,- ասում է Արմինե Մինասյանը:

Դրանց մեջ էին «Գիրք տոմարացը», «Պարզատումարը», «Գիրք պատմություն Սուրբ Վարդանանցը», «Գիրք պատասխանականը», «Գանձ չափոյ»-ը…

Գրադարանի մի մասը Ջուղայից այս տարի տեղափոխել է Հայաստան եւ այն նվիրել է Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտին:

5-i verevԵրեկվանից սկսվել է դրանց ցուցակագրումը, տեղեկացնում է Ա. Մինասյանը:

Ի դեպ, բացի գրքերից, հայրենիք են տեղափոխվել թանկարժեք գեղանկարներ, բնանկարներ, արժեքավոր իրեր, լուսանկարներ:

5-i verev 4Արմինե Մինասյանը պատմում է, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպել մեր մաքսատանը, անգամ առաջարկել էր, որպեսզի դրանք թանգարան տեղափոխելուց հետո մաքսազերծվեին, քանի որ հատուկ փաթեթավորած էին եւ հսկայական գումարներ էր տվել՝ դրանք անվտանգ հայրենիք տեղափոխելու համար:

«Ցավն այն է, որ այդ ամենը մեր սահմանում էր կատարվում: Ի՞նչ մաքս, երբ հորս թանկարժեք իրերն եմ տեղափոխում Հայաստան»,- հարցնում է Ա. Մինասյանը:

Զրուցակիցս հուզված նկարագրում է, թե ինչպես է գնացել Իրան:

Հայրը երեք տարի առաջ էր մահացել:

«Ես բերեցի ինձ հետ Վրացյանի, Շիրազի, հայ մեծերի հետ հորս ունեցած նամակագրությունը: Հայրս Շիրազի հետ մտերիմ էր՝ առանց տեսնելու նրան: Կոմունիստների  ժամանակ, երբ Շիրազը չէր կարողանում իր գրություններն ուղարկել, ուղարկում էր արտասահման, այնտեղ էր տպագրվում»,- ասում է Ա. Մինասյանը: Նրա համար հոր կյանքը, անգամ ութ երեխա ունենալը նման էր Շիրազի կենսագրությանը:

Լուսանկարների մեջ ուշադրություն գրավեց Լեւոն Մինասյանի հետ Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի նկարը:

5-i verev 3Գալիք տարի հոր ծննդյան 95-ամյակի առթիվ կբացվի ողջ արխիվը:

Իսկ թե ինչու նա ընտրեց Ցեղասպանության հարյուրամյակի տարին,  ասում է՝  ցանկացել է, որ թուրքը տեսնի, որ հայը ապրում է, կառուցում է, որ նրան չի կարողացել ոչնչացնել, որովհետեւ հաղթել է հայ ժողովուրդը:

«Սփյուռքահայության կյանքը վտանգված է: Որովհետեւ կորցնում են իրենց, որովհետեւ կորցնում ենք մեր մշակույթը: Ամերիկայում ծնված հայն այլեւս հայերեն չի խոսում»,- ասում է քառասուն տարի առաջ Նյու Յորք գնացած, տեղի Համազգային հայ կրթական մշակութային միության երկարամյա անդամը:

«Ունեինք մեր դպրոցները, մեր վարժարանները հայկական, բայց այսօր այն մեկն է մնացել: Հայկական կազմակերպություններն են պահպանում մեր համայնքը: Եթե չլինի անդամ, եւ չգան,  եթե քո մշակույթը  չզարգացնեն, ուրեմն կորչում ես»,- ասում է նա՝ օրինակ բերելով ցեղասպանությունը վերապրածներին, որոնք պահպանեցին, մեր օրերը հասցրեցին մեր մշակութային արժեքները:

«Հոգեպես շատ բավարարված եւ ուրախ եմ, կարծես մի մեծ բեռ իմ ուսերից իջավ: Ուրախ եմ, որ մեր հողի մեջն է»,- ասում է նա:

Լեւոն Մինասյանը պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, Կիլիկյան ասպետի, Վ. Սարոյանի մեդալներով, Նոր Ջուղայի բարեգործական ընկերակցության մեդալով, տասնյակ պատվոգրերով: Նա  Տարվա՝ 2014թ. ինտերնացիոնալ մարդ է ճանաչվել:

ՌՈՒԶԱՆ  ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31