Սարգիս Հացպանյանի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխություն լինելու է մի կենցաղային միջադեպից
«Սերժ Սարգսյանն իր վերարտադրության հարցն է լուծում». «Առավոտ»-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը 100%-ով համոզված պնդում է, որ սահմանադրական փոփոխություններն այս նպատակն են հետապնդում: Նա պատրաստ է իր անուն-ազգանունից հրաժարվել, եթե սահմանադրական հանրաքվեն չկեղծեն: Մեր այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի մնալու իշխանության մեջ, պարոն Հացպանյանն արձագանքեց. «Եթե անգամ ինքը անձամբ չգա, իր մերձավորներից մեկը կգա՝ Հովիկ Աբրահամյանը, Էդուարդ Շարմազանովը»:
Ըստ պարոն Հացպանյանի՝ այս ամենը Սերժ Սարգսյանի անձով չէ պայմանավորված, այլ համակարգով, որը գործում է հակառակ հայ ժողովրդի ու հայոց պետականության:
Կարդացեք նաև
Վենետիկի հանձնաժողովի վերջին գնահատականներից հետո պարոն Հացպանյանը կարծում է, որ իշխանությունները որոշ վերանայումներ կանեն. դրա ցուցիչն էլ համարում է «Հրայր Թովմասյանին մեջտեղ գցելը». «Բայց միեւնույն է՝ անցկացնելու են այդ փոփոխությունները, ուղղակի ուզում են ցույց տալ, թե իբր ժողովրդավար են»: Մեր այն հարցին՝ եթե չկեղծեն, սահմանադրական հանրաքվեի ինչպիսի՞ արդյունքներ կգրանցվեն, պարոն Հացպանյանը պատասխանեց՝ բացառելով չկեղծելու տարբերակը. «Եթե չկեղծեն, Սերժ Սարգսյանն այստեղ մի ժամ չի մնա: Միակ բանը, որ կանեն ու գիտեն, կեղծելն է: Ես իմ անվան վրա այդքան վստահ չեմ, որքան վստահ եմ, որ կկեղծեն: Ես անունս կփոխեմ, եթե չկեղծեն: Եթե ՀՀ-ում արդար ընտրություններ լինեն, այժմյան իշխանություններից հիշատակ չի մնա Հայաստանում»:
Մեր հարցին՝ արդյոք իշխանություններին հակակշիռ ուժ տեսնո՞ւմ է, պարոն Հացպանյանը բացասական պատասխան տվեց: ՀԱԿ-ի «ոչ»-ի շարժումից էլ սպասելիքներ չունի. «ՀԱԿ-ի եւ պատգամավորական խմբի յուրաքանչյուր անձի իմ չափ ճանաչում եմ: ՀԱԿ խմբակցությունում մարդիկ իրար չեն բարեւում, իրար հետ չեն խոսում, որտեղ Լեւոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյան կա, ո՞նց կարող են շարժում անել: Մարդիկ փոքր քար երեսներ են, ես իրենց խոսքին չեմ հավատում: Ազնիվ մարդիկ կան խմբակցությունում՝ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, մոտիկից գիտեմ Սեւան Մելիքյանին՝ ազնիվ, հայրենիքին նվիրված մարդիկ են»: Այս ամենի հանգուցալուծումը Սարգիս Հացպանյանն այսպես է տեսնում. «Օրերից մի օր մի անհեթեթ, կենցաղային մի միջադեպից մի կայծ է լինելու Հայաստանում, եւ ժամեր հետո իշխանափոխություն է լինելու»: Հարցին՝ մո՞տ է այդ պահը, պարոն Հացպանյանը պատասխանեց. «Կուզենայի, որ մեկ ժամ հետո լիներ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2015