Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն իր ժողովրդին պիտի վստահի». Գործարարները գոհ են տեսչական ստուգումների կրճատումից

Օգոստոս 07,2015 12:00

«X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը չի կիսում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի այն կարծիքը, որ տեսչական ստուգումների կրճատումը չի կարող տնտեսության համար խթանիչ հանգամանք լինել:

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը կառավարության ընդունած որոշմամբ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների ստուգումների: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում էին մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչեւ տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ` ավտոգազալցակայաններ եւ այլն: Ընդ որում, թյուրիմացություններից եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար կառավարությունը հրապարակել է այն ստուգաթերթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ: Իրականում, այսպիսով, կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին եւ բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են եւ չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաեւ այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով, կամ երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում եւ դպրոցներում՝ երեխաների անվտանգ եւ որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով, կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածում կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին եւ առողջությանը:

Ashot YeghiazaryanՏնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ արդեն ձեւավորված մեխանիզմ կա, որն աշխատում է, եւ ստուգումները շատ դեպքերում ֆորմալ բնույթ են կրում. «Չեմ կարծում, որ դա կարող է բիզնես-միջավայրում աշխուժություն մտցնել»:

 

Xachik-ManukyanԽաչիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց. «Ինչքան ստուգումները քիչ` այնքան լավ: Կառավարությունն իր ժողովրդին ու աշխատողներին պիտի վստահի, որքան շատ վստահի, այնքան շատ առաջ կգնանք: Դրական քայլ է»: Մեր դիտարկմանը` դա առիթ չի՞ դառնա գործարարների  համար, որպեսզի մանեւրեն, փորձեն ավելի շատ հարկեր թաքցնել, գործարարը հակադարձեց. «Ոչ, իհարկե, ոչ: Մեխանիզմ կա, ոնց դնես` գնում է, որ եկան ստուգեցին` ի՞նչն ա փոխվում, մեկա, մարդիկ ինչ հարկ կա` տալիս են»: Նկատեցինք, որ հաճախ ստուգումների ժամանակ պարզվում է` շատերը հարկեր են թաքցնում, գործարարը պատասխանեց. «Դե, թաքցնողը` կթաքցնի, բայց այստեղ խոսքը բացառությունների մասին չէ, ընդհանուր օրենքի ու դրա տրամաբանության: Եթե բացառություններին նայենք, ոչ օրենք կկիրառվի, ոչ էլ օրենքով կաշխատենք: Բայց սա դրական քայլ ա»:

Hakob_Hakobyan«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նույնպես դրական է համարում կառավարության քայլը. «Որքան քիչ ստուգում, այնքան գործարարի համար լավ»: Ստուգումների կրճատումը` գործարարների համար լրացուցիչ սողանքի հնարավորությանը վերաբերող մեր դիտարկմանն էլ ի պատասխան՝ նա հիշեցրեց կառավարության նիստում վարչապետի հորդորը` ուղղված տնտեսվարողներին: «Հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ եւ ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարեւոր քայլ է, եւ մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում եւ ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»,- ասել էր վարչապետը:

Գործարարը վստահ է հարկատուների ու կառավարության միջեւ փոխվստահության կայացմանը: Ի դեպ, ինքը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեսչական ստուգումները կրճատելու մասին կարծիք էր հայտնել. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա»:

Tevan-PoghosyanԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը կառավարության քայլը դրական, բայց անարդյունավետ է համարում: Ընդդիմադիր պատգամավորը հարցին այլ տեսանկյունից է նայում. «Կառավարությունում գիտակցում են` ամեն ինչ հասել է նրան, որ փոքր ու միջին բիզնեսը պարզապես հեռանում է: Իսկ դա համակարգի խնդիր է: Մենք այնպիսի տնտեսություն պիտի ձեւավորենք, որտեղ մարդիկ որեւէ հոգ չունենան` որեւէ տեսչության գալու, ստուգումներ իրականացնելու հետ կապված: Դա լինում է այն ժամանակ, երբ կա բաց մրցակցություն եւ արդար դատական համակարգ, որտեղ մարդիկ կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Այդ ժամանակ մարդիկ կգիտակցեն, որ իրենց վճարած հարկը` որոշակի ծառայությունների դիմաց` առողջապահական, սոցիալական եւ այլն, նպատակին է ծառայում»: Նա բերում է օրինակներ, որտեղ որոշ հարկատեսակներ 40-60 տոկոս են հասնում անգամ, բայց մարդիկ չեն ըմբոստանում ու վճարում են, քանզի վստահ են, որ այդ գումարներն այլ ծառայությունների տեսքով ետ են գալիս իրենց. «Համակարգային փոփոխություններ են պետք, որ մարդիկ գան ու ցանկանան բիզնեսով զբաղվել: Մինչ այդ ամենը չկա, մեծ հաշվով, էական էլ չի, թե քանի անգամ կստուգեն»: Մինչ համակարգային փոփոխություններին հասնելը՝ նա նման քայլերն էլ դրական է համարում, բայց ոչ արդյունավետ, քանզի ռուբիկոնն արդեն անցել ենք, ու ավելի շատ բիզնեսներ են փակվում, քան բացվում, մարդիկ էլ արտագաղթում են. «Դեռ մնացածների համար, իհարկե, դրական է, բայց գնացածներին ետ բերելու համար համակարգային փոփոխություններն օր առաջ են անհրաժեշտ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31