Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՍՏԻՔ

Օգոստոս 07,2015 10:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներորդ

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՍՏԻՔ

Չնայած մեզանում Կրթության նախարարի  պաշտոնը չափազանց եկամտաբեր է համարվում, ծանոթներից եւս մեկն էդ պաշտոնը մի քանի տարի վարեց ու քոռ կոպեկ չաշխատեց, եւ դա լուսահոգի Վարդգես Գնունին էր, բայց, ի տարբերություն  Ղազարյան Հայկի, լուսահոգի իգդիրցին  հրաժարական չտվեց, որովհետեւ Վարդգես Գնունին  չափազանց էր հարգում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Բաբկեն Արարքցյանին, որպեսզի վերջիններիս հրաժարական ներկայացներ, եւ չնայած էս վեպիս մեջ Գնունուն էլի եմ անդրադարձել, էս անդրադարձս էլ ավելորդ չեմ համարում, եւ ընդհանրապես՝ արժեր իր մասին մի առանձին ու ամբողջական վեպ գրել, որովհետեւ ինչքան էլ ասենք ու  կրկնենք, որ Սովետի օրոք նախարարներն ու պաշտոնյաներն ավելի չափավոր էին ուտում, քան՝ անկախության շրջանի մեր հիմիկվա բարձրաստիճանները,  ասվածը լուսահոգի Վարդգես Գնունուն բացարձակապես չի վերաբերում, եւ նմանապես Ղազարյան Հայկին չի կարող վերաբերել, եւ մի քանի ուրիշ բացառիկներ էլ կան, եւ լուսահոգի Վարդգես Գնունուն վերադառնալով՝ պիտի ավելացնեմ, որ լուսահոգին չորս թե հինգ տարի կրթության նախարար աշխատելով՝ էդ ամբողջ ընթացքում «Չիբուխ» էր ծխում, եւ սա ոչ միայն ուրիշներից լսածով եմ ասում, այլեւ՝ աչքիս տեսածով, եւ «Չիբուխ» որ ասում եմ, ոչ թե Ստալինի ու Շերլոկ Հոլմսի չիբուխները նկատի ունեմ, այլ հիմիկվա մեր հայրենական  «Չիբուխը», որը հիմնականում բանակում ծառայող շարքայինների համար է  արտադրվում, եւ չնայած իր բացառիկ ազնվությանը, լուսահոգին Ղազարյան Հայկի վճռականույթունը չուներ եւ ինքնակամ ու ինքնագլուխ հրաժարական չտվեց, եւ էդ առումով  Հայկինը եզակի ու բացառիկ դեպք է, բայց քանի որ Հայկին խոսք եմ տվել, որ իր հրաժարականին այլեւս չեմ անդրադառնալու, խոսքիս տեր կլինեմ ու այլեւս էդ թեմային չեմ անդրադառնա, մանավանդ որ՝ էդ թեմային արդեն չափից ավելի անդրադարձա, եւ եթե շարունակեմ անդրադառնալ, դրանից որեւէ մեկը չի շահի, որովհետեւ եթե մեզանում Հայկն իրոք ինքնակամ հրաժարական  տված միակ նախարարն է, էդ արդեն մեր մասին առանձնապես լավ բան չի ասում, եւ մտածելով, որ էս առումով ինֆորմացիայի  պակաս ունեմ, Հայկի հրաժարականի թեման  վերջնականապես եմ փակում, մանավանդ որ՝ վաղուց էս վեպիս հիմնական գծից շեղվել ու էսպես աջուձախ ցրիվ եմ գալիս, եւ հիմա արդեն  գլխիս զոռ տալով՝ չեմ էլ կարողանում հասկանալ, թե՝ որն է էս վեպիս  հիմնական գիծը, եւ եթե նկատի ունենամ, որ էս վեպս ինքնակենսագրական  վեպ է, պիտի ընդունեմ, որ էս վեպիս գլխավոր ու հիմնական գիծը կենսագրությունս է, որն ինչ-որ մի կետից սկսելով՝ եկել ու հասել էի անցյալ դարի յոթանասունութ թվական ու «Ծիծեռնակ» մանկական ամսագիր, որտեղ մի քանի տարի աշխատեցի Ռոլանդի, Տաթեւիկի, Կատյայի, Ասյայի, Դոնարայի, գլխավոր խմբագիր  Ժենյա Ղուկասովնայի, նկարիչ Գյուլանյան Ֆելոյի եւ պարոն Շահամիրյանի հետ միասին. վերջինս եկվոր ու սփյուռքահայ լինելով՝ մեր էդ մանկական ամսագիրն արեւմտահայերեն էր թարգմանում, ավելի ճիշտ՝ ոչ թե արեւմտահայերեն էր թարգմանում, այլ նոր ուղղագրությամբ գրված ոտանավորները, պատմվածքներն ու հեքիաթները վերածում էր Մեսրոպյան ու դասական ուղղագրության, որպեսզի Սփյուռքի կոմիտեի միջոցով մեր էդ ամսագրից ամսական հարյուր օրինակ ուղարկվեր Սփյուռքի հայկական դպրոցներ, եւ պարոն Շահամիրյանը սփյուռքահայ  ու եկվոր լինելով՝ մշտական վախ ուներ, որ կարող էր կորցնել իր էդ չափազանց ձեռնտու աշխատանքը, եւ որպեսզի դուք էլ պատկերացնեք թե՝ վաթսունն ահագին անց Շահամիրյանի համար ինչքան ձեռնտու էր կեսդրույքանոց էդ աշխատանքը,  պիտի ասեմ, որ, չնայած աշխատավարձն ընդամենը վաթսուն ռուբլի էր, էդ վաթսունը թոշակին գումարելով՝ ահագին եղանակ էր ստեղծում պարոն Շահամիրյանի կյանքում, եւ եթե ասեմ նաեւ, որ մեր էդ ամսագիրը հիմնականում նկարազարդ էր, եւ եթե ավելացնեմ նաեւ, որ ամսագրի մի համարի ամբողջ տեքստը մեքենագիր յոթ էջից չէր անցնում, դուք էլ կպատկերացնեք թե՝  թոշակառուի համար ինչքան ձեռնտու աշխատանք էր դա, եւ ինչքան ողբերգական պիտի լիներ էդ աշխատանքը կորցնելը, մանավանդ որ, չնայած իր զբաղեցրած հաստիքը  «թարգմանիչ» էր կոչվում, իրականում ինքը ոչ թե արեւելահայերենից արեւմտահայերեն էր թարգմանում, այլ ընդամենը  էդ յոթ մեքենագիր էջերի արեւելահայերեն ուղղագրությունն էր դասական ու Մեսրոպյան ուղղագրության վերածում, ու՝ վա՜յ էն վերածելուն. ընդամենը ո-երը օ էր դարձնում, ե-երը՝ է, իսկ ազգանունների վերջավորության յան-երն էլ եան էր դարձնում, եւ շուտով պարզվեց, որ պարոն Շահամիրյանը շատ հաճախ էդ ո-երը միանգամայն  անտեղի է կլոր օ դարձնում, եւ նմանապես  բոլոր ե-երն էր անխտիր ու անտեղի է դարձնում, եւ ահազանգը Սփյուռքի կոմիտեից էր, եւ Սփյուռքի կոմիտեին էլ անմիջապես Սփյուռքից էին ահազանգել, եւ քանի որ մեր  «Ծիծեռնակը» Կոմսոմոլի կենտկոմի ամսագիրն էր, շուտով Սփյուռքի կոմիտեն Կոմսոմոլի  կենտկոմին առաջարկեց, եւ Կոմսոմոլի կենտկոմն էլ՝ «Ծիծեռնակի» գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնա Մադոյանին, որ կամ Շահամիրյանին փոխի, կամ էլ՝ Շահամիրյանի էդ  հաստիքն ընդհանրապես կրճատի եւ Սփյուռք ուղարկվող «Ծիծեռնակի» էդ հարյուր օրինակներն անփոփոխ՝ մեր ուղղագրությամբ Սիրիա ու Լիբանան ուղարկվեն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել