Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասեր՝ ծանոթացել օդի աղտոտման հետ կապված խնդրին

Օգոստոս 06,2015 21:45

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Առողջ սունկ» ՍՊ ընկերության արտադրամասեր: Վարչապետին ուղեկցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները և այլք:

Վարչապետը նախ ծանոթացել է սնկի արտադրության գործընթացին, այնուհետև հումքի արտադրամասի կողմից մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված խնդրին: Միևնույն ժամանակ,  կառավարության ղեկավարը զրուցել է հումքի արտադրամասին հարակից բնակավայրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները: Ընկերության ղեկավարությունն իր հերթին ներկայացրել է խնդրի լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Նշվել է, որ արդեն մի քանի օր է, ինչ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում օդի աղտոտվածության հարցին տրվել է որոշակի լուծում:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ եկել է արտադրամասեր՝ առկա խնդրին լուծումներ գտնելու համար: «Եթե արտադրամասում տեղադրվեն նոր ֆիլտրեր և տհաճ հոտը վերանա, ապա ընկերությունը կշարունակի իր գործունեությունը, քանի որ այստեղ աշխատում են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ: Պետք է բնապահպանական նորմերը պահպանվեն: Առաջին խնդիրը սա է լինելու: Միևնույն ժամանակ, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի զարգանա սնկի արտադրությունը, ինչը կարևոր է նաև տնտեսության ակտիվության, արտահանման տեսակետից: Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ խնդիրը կքննարկվի կառավարությունում՝ համապատասխան որոշում կայացնելու համար: «Մեր որոշումը պետք է լինի հիմնավոր և արդար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն և տհաճ հոտը կվերանա: Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ որոշակի ներդրումներ է կատարել, իսկ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արտադրական տեխնոլոգիան  ամբողջությամբ կփոխվի և իրավիճակը կկարգավորվի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31