Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանում պաշտոնյաները փոխվում են, ամեն ինչ փոխվում է, բայց հռետորաբանությունը չի փոխվում»

Օգոստոս 06,2015 20:11

Interfax.az գործակալությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի՝ սահմանամերձ գոտիներում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունն ստուգելու ժամանակ արած հետեւյալ ամպագոռգոռ հայտարարությունը: «Անցած տարվա օգոստոսին թշնամուն հասցված հարվածներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ: Նրանք հիմա էլ վախի եւ սարսափի մեջ են»:

Գործակալության փոխանցմամբ, նախարարը նշել է նաեւ, որ եկել է վճռորոշ պահը եւ ազգը, որի համբերությունը սպառվել է եւ մարդիկ, «որոնք հալածվել ու քշվել են հայրենի հողից», պահանջում են ազատել գրաված տարածքները:

Aravot.am-ի խնդրանքով Զաքիր Հասանովի այս հայտարարությունը մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Դա լուրջ չի: Ադրբեջանում այդ առումով ոչ մի բան չի փոխվել: Հրադադարի սկզբից ի վեր պաշտոնյաները փոխվում են, ժամանակները փոխվում են, ներքին հարաբերությունները փոխվում են, բայց հռետորաբանությունը չի փոխվում: Ես այս հայտարարության մեջ ոչ մի նոր բան չեմ տեսնում:

Այդ հայտարարությունները մենք լսում ենք գրեթե ամեն օր՝ Ալիեւից, նախկին նախարարից, նրանց քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հայտնի դեմքերից», – ասաց Ա. Հովհաննիսյանը եւ ավելացրեց, թե չգիտի, թե մեզ հասցված այդ ինչ հարվածերի մասին է խոսքը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն անցած տարվա օգոստոսին իրենց մշակած դիվերսիայի փորձը հայ դիրքապահների կողմից ետ մղելը, այնուհետեւ, բազմապատիկ պատասխան ստանալը սովորության համաձայն գլխիվայր է ներկայացրել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, դա ի նկատի ունի: Բայց Հայաստանում մարդիկ իրականությունն իմանալու եւ օբյեկտիվ կարծիք կազմելու բոլոր հնարավորություններն ունեն: Իսկ նրանց մոտ՝ ինքներդ գիտեք այնտեղի հնարավորությունները»:

Վերջին հարցին, թե ի՞նչ կասի տարածքները  ետ վերցնելու մասին հայտարարությանը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը մենք լսում ենք արդեն 500 հազարերորդ անգամ՝ քաղաքական, ռազմաքաղաքական հնարավոր բոլոր դեմքերի բերանից, այդ թվում նաեւ իրենց նախագահի: Դա, կրկնում եմ, անլուրջ է ու նման հայտարարություններին պատասխանելն էլ անլուրջ զբաղմունք է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31