Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Օգոստոս 06,2015 18:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիի հետ:  Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, քաղաքապետը հույս է հայտնել, որ դեսպանի գործուն աջակցությամբ նոր խթան կտրվի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:

«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային շուրջ 10 կազմակերպությունների` ձևավորելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև ճապոնական քաղաքների ու, մասնավորապես մայրաքաղաք Տոկիոյի հետ և այդ հարցում, պարոն դեսպան, ակնկալում ենք  նաև Ձեր գործուն աջակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու ճապոնական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար, ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին իր հերթին նկատել է, որ խոշոր քաղաքների առջև ծառացած խնդիրները հիմնականում միանման են և ընդգծել է, որ այս հարցում անշուշտ կարևոր է քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:

«Վստահեցնում եմ պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցություն ձևավորելու և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է, վստահ եմ, որ այն առաջիկայում կստանա գործնական ընթացք»,- նշել է դեսպանը:

Առանձնակի կարևորելով նաև ներդրումային ծրագրերի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս մասով ևս առկա է փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ հավելելով, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Որպես քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության կարևոր ուղղություն, Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև զբոսաշրջության զարգացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Երևանում ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում քաղաքն առավել հարմարավետ և սպասարկման ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31