Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը ՌԴ-ին միացնելու վտանգ՝ Սահմանադրության նախագծում

Օգոստոս 06,2015 17:01

Արմեն Մարտիրոսյանը Սահմանադրության նախագծի նոր հրապարակված դրույթներում մի շարք հակասություններ եւ խնդիրներ է նկատել

 

Արդարադատության նախարարության կայքում  արդեն հրապարակվել են Սահմանադրության նախագծի 1-15 գլուխները:

Մեր հարցին, թե նոր հրապարակված հոդվածներում ի՞նչ խնդիրներ եք տեսնում՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ամբողջությամբ նախագծին ծանոթանալուց հետո կարծիքս չի փոխվել: Ինչպես սկզբում եմ գնահատել, որ սա միակուսակցական, միահեծան իշխանության համար է իրականացվում, այնպես էլ այդ հոդվածների ամբողջական հրապարակումից հետո դա ակնհայտ դարձավ: Հակակշիռների որեւէ մեխանիզմ գոյություն չունի: Խորհրդարանական մեծամասնության եւ նրա դե յուրե ղեկավարի ձեռքով է ամեն ինչ լինելու, ամբողջը մեծամասնության ձեռքում են դրել: Պարզ է, որ իրենք հանգիստ խորհրդարանի 3/5-րդը կապահովեն: Նույնիսկ եթե այսպես ասած «ընդդիմություն» էլ գա, դա իրենց ընդդիմությունն է լինելու: Այնպես որ, ուղղակի ակնհայտ է այն, ինչ կատարվում է»:

7-15-րդ գլուխներում Արմեն Մարտիրոսյանը լուրջ հակասություն է նկատել. «Ինքնիշխանության հետ կապված հարցն է մտահոգիչ: Հակասություն կա 201-րդ հոդվածի, 202-ի եւ 203-ի միջեւ: 201-ով ասում է, որ 1-3-րդ գլուխներում եւ մի քանի այլ գլուխներում ու հոդվածներում կարող են փոփոխություններ արվել միայն հանրաքվեով: 202-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրության 1-3-րդ հոդվածները, որոնք մտնում են հենց 1-ին գլխի մեջ, փոփոխման ենթակա չեն:  Այսինքն, մի տեղ ասվում է՝ հանրաքվեով կարելի է փոխել, մյուս տեղում ասվում ՝ հանրաքվեով էլ չի կարելի փոխել: Այս երկուսի մեջ արդեն հակասություն առաջացավ»:

Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանին մտահոգել է վերպետական կազմակերպություններին միանալու ձեւակերպումը, որը կարող է բերել ինքնիշխանության կորստի. «Վերպետական կառույցների հետ կապված նախագծում ասվում է, որ հանրաքվեով Հայաստանը կարող է միանալ նրանց: ԵՏՄ-ն, որը ենթադրում է վերպետական կառույց, հակասահմանադրական ձեւով մտան: Հետագայում ես մտավախություն ունեմ, որ այն պրոցեսները, որոնք սկսել են, Խորհրդային միության պես բան կարող է լինել: Պարզ է, այսօրվա իրենց վարած քաղաքականության շնորհիվ եթե այսօր ՀՀ քաղաքացիներին ասեն, որ միանում ենք որեւէ պետության, միանշանակ կողմ կլինեն, նույնիսկ եթե դա թշնամական պետություն լինի, ցավոք: Առավել եւս ՝ՌԴ-ի դեպքում. եթե հանրաքվե լինի, ցավում եմ, որ կարող ենք մտահոգիչ պատկեր ստանալ: Խորհրդային միությունն էլ իրավաբանորեն անկախ պետությունների միություն էր: Բայց, ըստ էության, ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Կոմկուսի ղեկավարության ձեռքը: Հիմա այս հոդվածը, որ ՀՀ-ն կարող է միանալ վերպետական կազմակերպություններին, դա եւս ինքնիշխանության՝ 1-ին հոդվածի խախտում է: Որովհետեւ վերպետական կազմակերպությունն արդեն քո ինքնիշխանության մասնաբաժինը վերցնում է»:

Արմեն Մարտիրոսյանը համաձայն է այն ընդդիմախոսների հետ, որոնք կոչ են անում Սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման մեջ չմտնել, ուղղակի մերժել այն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31