ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչող քննադատությունը, թե բավարար չափով չեն արձագանքում հայոց պատմության խեղաթյուրումներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը մտահոգություն հայտնեց, թե մեր պետական ու գիտական զանգվածները հայոց պատմության խեղաթյուրումներին հետևողական չեն արձագանքում: Նա օրինակ բերեց, որ ժամանակին Մոսկվայում լույս տեսնող քրդական «Դրուժբա» հանդեսը, որը խեղաթյուրում էր հայոց պատմությունը, ներկայացրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, բայց վերջինս, փոխանակ խնդրով զբաղվելու, պատասխանել է, թե «ամեն մի շուն ու գելով չենք զբաղվելու»:
Aravot.am-ը պարոն Մելքոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատմություն է սա և ինչու՞ հետամուտ չեն եղել: Նա պատասխանեց. «Ես ինչ իմանամ ո՞ր թվի բան է ասում Գևորգ Յազըճյանը, վաղուց է՝ նրա հետ ընդհանրապես չեմ շփվել: Կարող է մի ութ-տասը տարի առաջ ինչ-որ բան է ցույց տվել, չգիտեմ, չեմ հիշում, բայց երեք-չորս տարի է նրա հետ ընդհանրապես չեմ շփվել: Ես չեմ կարողանում մտաբերել: Չեմ իմանում, ոչ էլ հիշում եմ, որ նման բան է եղել: Չեմ ցանկանում մեկնաբանել»:
Մեր այն դիտարկմանը, թե ըստ իր հասցեին քննադատություն հնչեցնողների՝ նման հրապարակումներին արժանի հակահարված չի տրվում, դրա համար էլ դրանք գնալով շատանում են, օրինակ՝ Վանի քաղաքապետը Վանի մասին խեղաթյուրումներով գիրք է տպագրել, որտեղ հայ բառն ընդհանրապես չի օգտագործվում, պարոն Մելքոնյանը արձագանքեց. «Բայց ես ի՞նչ կապ ունեմ. Վանի քաղաքապետն ինչ-որ նյութ է տպել, ի՞նչ կապ ունի Աշոտ Մելքոնյանը դրա հետ»: Հակադարձելով այն քննադատություններին, թե հայոց պատմության խեղաթյուրումները կանխելու համար ակադեմիայում բավարար աշխատանք չի տարվում, Աշոտ Մելքոնյանն ասաց. «Դուք որ տեսնեք, թե ինչքան ենք խեղաթյուրումների հետ կապված նյութեր տպագրել: Համացանցում նայեք Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, դրա ամբողջ հաջորդ էջը՝ պատմության խեղաթյուրումները Ադրբեջանում, մենք ենք այդ ամբողջը դրել: Տասնյակ գրքեր ենք տպագրել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ