Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուրիստները կմնան օդանավակայանում, եթե կառավարությունը չվերանայի զբոսաշրջային ավտոբուսների որակավորման կարգը

Օգոստոս 06,2015 13:29

Զբոսաշրջային ավտոբուսը պարտադիր պետք է ունենա քիմիական մաքրմամբ զուգարան, լվացարան ու ծածկոց

Զբոսաշրջային ավտոբուսները որակավորելու կառավարության որոշումը հարուցել է տուրիստական ընկերությունների տնօրենների դժգոհությունը: Կառավարության որոշման համաձայն՝ զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսը պարտադիր պետք է ունենա բավարար արտաքին տեսք, լվացարան, քիմիական մաքրմամբ զուգարանակոնք եւ հիգիենիկ պարագաներ, նստատեղերի հենակների վերին մասում մեկանգամյա օգտագործման հիգիենիկ ծածկոցներ, ոտքերի համար նախատեսված հենակներ, մեկ անձի համար նախատեսված նստատեղի նվազագույն լայնությունը պետք է լինի 43 սմ, իսկ երկու շարքերի նստարանների միջեւ հեռավորությունը` 55 սմ, բոլոր նստատեղերը պետք է ունենան ծալովի հենակներ եւ այլն:
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում տուրիստական ընկերությունների տնօրեններ Հարություն Կարագյանը եւ Վահե Լորենցը վստահեցրին, որ ներկայումս զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսների 90 տոկոսը չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին, հետեւաբար դուրս կմնան դաշտից: Ըստ նրանց, այսօր տուրընկերությունները, որոնք հիմնականում վարձակալում են իրենց զբոսաշրջիկներին փոխադրելու տրանսպորտային միջոցները, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, ուստի փոխադրամիջոցի համար այսպիսի պահանջներ դնելով ե՛ւ զբոսաշրջային ընկերության գործն է դժվարացնելու ե՛ւ նրան ծառայություն մատուցող մեքենայի սեփականատիրոջ:
Տուրընկերության ղեկավարները գտնում են, որ կառավարությունը պետք է վերանայի սահմանած չափանիշները, քանի որ տուրընկերությունների տնօրենների խոսքերով, եթե իրենց ավտոբուսները, մեքենաները պահանջներին չհամապատասխանեն՝ տուրիստները կմնան օդանավակայանում:
«Բացի այն, որ Հայաստանում կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող մեքենաներ այդ քանակով չկան, այդպիսի մեքենաներ բերելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, քանի որ այդ պայմաններով մեկ ավտոմեքենան արժե 50,60,70 հազար դոլար:   Ոչ բոլոր ընկերությունները կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ»,-ասաց Հարություն Կարագյանը:

Վահե Լորենցի խոսքերով էլ` «այլ հարց է, որ ինչ-որ մեկը այդպիսի չափանիշներով մեքենաներ է ներկրել ու ուզում է դրանք իրացնի, բայց այսօրվա եղած մեքենաներով անհնար է որակավորման կարգ ստանալ: Իսկ որակավորված մեքենաներով սպասարկելը բերելու է նաեւ տուրիզմի ոլորտում ծառայությունների գների բարձրացման, ինչն արդեն բարձր է Հայաստանում»: Ըստ Վահե Լորենցի, հյուրանոցներից սկսած` գները կբարձրանան:
Կառավարությունը պատճառաբանում է, որ այս ավտոբուսների որակավորմամբ, մտադիր է աջակցել զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը, որակի ապահովմանը եւ որ զբոսաշրջիկներն ընտրության ավելի լայն հնարավորություն կունենան:
«Զբոսաշրջային ավտոբուս» որակավորումը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը:
 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31