Կառավարությունը վստահեցնում է, որ տնտեսության տարբեր ճյուղերում աճ կա
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում աճ է գրանցվել: Այս տարվա առաջին 6 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 4,2%-ով: Վ. Գաբրիելյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ այդմ՝ ինչպես տեղեկացրեց Գաբրիելյանը, արդյունաբերությունն աճել է 5,1%-ով, էներգիայի արտադրությունը՝ 1,5%, գյուղատնտեսությունը՝ 14,5%, և այլն: Տնտեսական ակտիվությունը հիմնականում, փոխվարչապետի ասելով, գյուղատնտեսության շնորհիվ է: «Սա էլ՝ Կարապետյանի ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասաց Գաբրիելյանը: Նկատենք, որ այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ վարչապետն էլ նիստից առաջ շնորհավորեց, իսկ նախարարներն այդ կապացությամբ ծափահարեցին:
Փոխվարչապետը վստահեցրեց՝ գյուղոլորտի աճը և բարձր բերքատվությունը ոչ միայն եղանակային պայմանների արդյունքում է ապահովվել, այլև հողօգտագործողներն են ավելացել: Վ.Գաբրիելյանը նշեց, որ շինարարության ոլորտում անկում կար, բայց այս տարվա առաջին 6 ամիսներին բնակչության հաշվին շինարարության աճ կա, իսկ դա գերազանց ցուցանիշ է. «Կարելի է լավատեսորեն և հավատով նայել, քանի որ բնակչության հաշվին շինարարության աճ կա»:
Փոխվարչապետը նշեց, որ գնաճը 5,1% է, բայց աշխատավարձերը գնաճից առաջանցիկ են աճում՝ 10.8%: Փոխվարչապետը փորձեց բացատրել, թե ինչու տնտեսական աճը նկատելի չէ, բնակչությունը սեփական մաշկի վրա չի զգում. քանի որ տրանսֆերտները նվազել են, բնակչության գնողունակությունը նվազել է, մանրածախ առեւտրի ծավալները նվազել են, ուստի մարդիկ չեն զգում տնտեսական աճը: Փոխվարչապետը ցանակություն հայտնեց, որ բնակչությանը դրական իմպուլսներ փոխանցվեն:
Կարդացեք նաև
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ ուրախալի է, որ չնայած պղնձի գները միջազգային շուկայում իջել են, բայց հանքարդյունաբերությունն աճել է 34%-ով: Բնակչության զբաղվածության ծավալը մի քիչ նվազել է, բայց, նրա խոսքով, ընդհանուր առմամբ՝ ԱՎԾ ցուցանիշները լավատեսական են և հավատ են ներշնչում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ