Օպերային տենորը պատրաստվում է դիմել մշակույթի նախարարություն՝ Ռոլֆ Բեքքի հայաստանյան հյուրախաղերն իրականացնելու նպատակով
Վերջին շրջանում մասնագետները հաճախ են հիշատակում Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանի անունը՝ նշելով, թե նրա «կարապը», որ թեւեր է առել 2012թ. Երեւանի օպերային թատրոնում, թեւածում է աշխարհով մեկ։ Խոսքը Կարլ Օրֆի «Կարմինա բուրանա» կանտատի մասին է՝ գրված երգչախմբի, նվագախմբի եւ մեներգիչների համար, որտեղ երգիչը հանդես է եկել կոնտր տենորի համար գրված կարապի մեներգով։ Հիշյալ կանտատը 1990-ականների կեսերին կատարվել է Երեւանում, որտեղ կարապի մեներգով հանդես է եկել վաղամեռիկ տենոր Սուրեն Զուրաբյանը։ Պերճ Քարազյանը մեզ հայտնել էր, որ առաջին անգամ արտերկրում այդ մեներգով հանդես է եկել 2013թ. Չինաստանում՝ տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի, մենակատարների եւ երգչախմբի հետ՝ ճանաչված դիրիժոր Ռոլֆ Բեքքի հրավերով։ 2014-ին էլ դարձյալ Բեքքի ղեկավարությամբ կարապի մեներգով ելույթներ է ունեցել Գերմանիայում, Հարավային Կորեայում եւ կրկին Չինաստանում։
Կարդացեք նաև
Օրերս հայ «կարապը» վերադարձավ Բրազիլիայից։ «Առավոտի» հետ զրույցում Պերճ Քարազյանն ասաց, որ այս անգամ ինքը ներկայացել է կարապի զգեստով (լուսանկարում), ճանաչված օպերային երգիչներ՝ սոպրանո Լիլիան Ջովանիի, բաս Պիտեր Մացալենիի, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի ընկերակցությամբ։ Դիրիժորը դարձյալ Ռոլֆ Բեքքն էր։ «Ինձ գրավեց տեղի նորակառույց, 1400 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահը՝ իր շարժական առաստաղով։ Այսինքն՝ վերջինիս միջոցով կարող էր փոխվել դահլիճի ակուստիկան՝ ըստ պահանջվող ստեղծագործության»,- հավելեց մեր զրուցակիցը։ Արվեստագետն ասաց, որ հրավերը Բեքքի կողմից էր ստացել, որը Լյուբեկի երգչախմբային ակադեմիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Հարցին, թե դիրիժորը մտադրություն չունի՞ «Կարմինա բուրանան» ղեկավարել Երեւանում, Պերճ Քարազյանի հավաստիացմամբ՝ Բեքքը մեծ ցանկություն ունի ժամանել մեր երկիր, մանավանդ որ, նա ստեղծագործական կապերի մեջ է օպերային երգիչներ՝ գերմանաբնակ Գուրգեն Բավեյանի, Սանկտ Պետերբուրգում ապրող եւ ստեղծագործող Սոֆյա Սայադյանի հետ։ Ի դեպ, Պերճ Քարազյանը պատրաստվում է դիմել մշակույթի նախարարություն՝ Ռոլֆ Բեքքի հայաստանյան հյուրախաղերն իրականացնելու նպատակով։
Մինչ Բրազիլիա մեկնելը օպերային երգիչը մասնակցել է հունիսի 3-28-ը անցկացվող «Սակտպետերբուրգյան պալատներ» միջազգային փառատոնին ¥տնօրեն՝ ճանաչված ջութակահար Մարիա Սաֆարյանց), իսկ հունիսի 24-ին մասնակցել է Սմոլնիի տաճարում՝ Վերդիի Ռեքվիեմի կատարմանը։ «Ռեքվիեմը ղեկավարեց իտալացի հայտնի տենոր եւ դիրիժոր Ջուզեպպե Սաբբատինին։ Հրավիրված էին իտալացի սոպրանո Կիյարա Տաիջին, կոլեգաս՝ մեցո սոպրանո Քրիստինե Սահակյանը, բաս Յուրի Վլասովը։ Մեներգիչներիս ընկերակցում էր Տավրիչեսկիի նվագախումբը եւ Սմոլնիի տաճարի երգչախումբը, ընդ որում՝ Ռեքվիեմի կատարումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- մանրամասնեց Պերճ Քարազյանը։
Երկու օրից օպերային երգիչը իր կոլեգաների եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեկնում է Բեյրութ՝ մասնակցելու Beiteddine միջազգային փառատոնին։ Ասաց, որ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ այնտեղ կհնչեցնեն Մոցարտի Ռեքվիեմը։
Դիտարկմանը, թե 2001թ. պրոֆեսիոնալ բեմում, 2004-ից էլ օպերային թատրոնի մեներգիչը, որ կարծես հյուրախաղերի պակաս չի զգում, աշխատում է առանց իմպրեսարիոյի հետ համագործակցության, մեր զրուցակիցը ժպտալով ասաց. «Իմ իմպրեսարիոն անձնական կապերս են»։
Երգչի հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ օպերային թատրոնում սպասվելիք նրա նոր դերերգերին։ «Ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի վերադարձը օպերային թատրոն՝ իբրեւ գեղարվեստական ղեկավարի, գալիք թատերաշրջանի հենց սկզբից էլ տեսանելի կլինի։ Հանդիսատեսին կներկայացվի Բիզեի «Կարմենը», ապա Պուչինիի «Տոսկան», համագործակցելով օպերային ստուդիայի հետ էլ՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», որտեղ հանդես կգամ Լենսկու դերերգով եւ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր»-ը։ Այստեղ կմարմնավորեմ Էդգարդոյին։ Սեպտեմբերին ունեմ նաեւ հյուրախաղեր Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքներում»,- հայտնեց Պերճ Քարազյանը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2015