Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Հայկ Դոմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը, որի շնորհանդեսը եղավ երեկ: Այն 2009 թվականին լույս տեսած հրատարակության լրամշակված եւ նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված են հայկական սպորտի եւ մարմնակրթության պատմությանը վերաբերող շուրջ 600 բացառիկ լուսանկարներ, մրցանակներ, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր եւ այլն, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնել է Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքը:
Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաեւ հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության եւ ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը եւ Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մարզիկներին:
Գուցե հատուկենտ մարդկանց է հայտնի, որ առաջին անգամ երկու հայ մարզիկներ՝ Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912 թվականին Ստոկհոլմում կայացած 5-րդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրել են Օսմանյան կայսրությունը:
Եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթներին ծանոթ լինելը նպաստել է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Մինչեւ 1915 թվականը Կոստանդնուպոլսից՝ Վան, Տրապիզոնից՝ Ադանա, հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ են ի հայտ եկել եւ արդյունավետ գործել: Բազմաթիվ հայկական թիմեր եւ անհատ մարզիկներ պարբերաբար հաղթանակներ են տարել եւ ռեկորդներ սահմանել տեղական եւ միջազգային մրցաշարերում:
Կարդացեք նաև
Անչափ հետաքրքիր է գրքի «Հայկական օլիմպիական խաղեր» բաժինը, որտեղից ընթերցողը տեղեկանում է, որ 1911-1914 թթ. անցկացվել են «Հայկական օլիմպիական խաղեր»՝ բոլոր հայկական մարզական ակումբների մասնակցությամբ, ինչը բացառիկ իրադարձություն է եղել Օսմանյան կայսրությունում, ինչպես նաեւ «Հայ կինը եւ մարմնակրթությունը» բաժինը:
Երեկվանից մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կգործի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առիթ դարձել է օգոստոսի 2-13-ն անցկացվող Համահայկական 6-րդ ամառային խաղերը:
Մինչեւ տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաեւ ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն լեզուներով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2015