Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարությունը սիրիահայերին այնքան էլ լավ բան չասաց

Օգոստոս 06,2015 16:00

Հուլիսի 22-ի «Առավոտի»՝ «Պատերազմից փրկված սիրիահայերը օգտագործած ապրանքների համար Հայաստանում մաքսատուրք են վճարում» հրապարակմամբ գրել էինք, որ արդեն 4 տարի Հայաստանում բնակվող սիրիահայ Ժոզեֆ Դոլմաջյանի ընտանիքն այս տարվա հունիս ամսին որոշել էր տեղափոխվել Հայաստան: Մինչ այստեղ մեկնելը՝ այս ընտանիքը որոշել է առաջին անհրաժեշտության կենցաղային օգտագործած իրերն ու մի քանի կտոր հագուստ ուղարկել, որպեսզի այստեղ ժամանելուց ու հաստատվելուց հետո ստիպված չլինեին նոր ծախսեր անել:

Ժոզեֆը պատմել էր, որ հայրը այդ բեռը Հայաստան է ուղարկել որդու անունով՝ մտածելով, թե մի ընտանիք են, ինչ տարբերություն: Երբ Ժոզեֆը փորձել է հոր ուղարկած բեռը ստանալ, նրան վստահեցրել են, որ մոտ 100 հազար դրամ մաքսատուրք պիտի վճարի: Մաքսայինները Ժոզեֆին բացատրել են, որ, ըստ օրենքի, որպեսզի այդ օգտագործած ապրանքները առանց մաքսի ստանան, հայրը պիտի ոչ թե որդու, այլ հենց իր անունով ուղարկեր բեռը եւ հասցներ 180 օրվա ընթացքում գալ Հայաստան ու առանց լումա վճարելու ստանալ ապրանքը: Բայց Ժոզեֆի հայրը մտածել էր որդու անունով ուղարկել բեռը, քանի որ պատերազմական գոտի է Հալեպը, եւ անկանխատեսելի իրավիճակ՝ գուցե ինքը չհասցներ գալ Հայաստան, ու այդ բեռը գոնե որդին ստանար: Իսկ, ըստ տեղական օրենքների, ինչպես մաքսայիններն էին Ժոզեֆին վստահեցրել, առանց մաքսի միայն հայրն անձամբ կարող է ստանալ բեռը, անվանափոխությունն էլ անհնար է: Ուստի այս ընտանիքն իր օգտագործած ապրանքների համար ստիպված է եղել մաքսատուրք վճարել, որը քիչ փող չէր սիրիահայ ընտանիքի համար:

Այս առնչությամբ «Առավոտը» հուլիսի 20-ին ֆինանսների նախարարություն հարցեր էր ուղարկել՝ արդյոք ֆինանսների նախարարությունը որեւէ արտոնություն սահմանե՞լ է այն սիրիահայ ընտանիքների համար, որոնք Սիրիայից տեղափոխվելով Հայաստան՝ մեր երկիր են բերում նաեւ իրենց օգտագործած կենցաղային ապրանքները: Այս տեսակ բեռի եւ այս տեսակ ընտանիքների համար նախարարությունը ո՞ր օրենքով է առաջնորդվում, եւ ի՞նչ է նախատեսում այդ օրենքը:

Նախարարությունը մեր հարցման պատասխանը տվել է մոտ 10 օր ուշացումով, հանգստյան օրերը, իհարկե, չենք հաշվում, ու այսպիսով նախարարությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 9-րդ հոդվածի՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Նախարարությունից մեզ չեն տեղեկացրել, որ մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար հավելյալ աշխատանք եւ ժամանակ է հարկավոր:

Նախարարության տրամադրած պարզաբանման մեջ նշված են այն նույն հիմնավորումները, որոնք սիրիահայ ընտանիքին տվել էին հայ մաքսավորները, եւ ըստ էության՝ չկա որեւէ արտոնություն, երբ օգտագործված ապրանքը ընտանիքի մի անդամը մյուս անդամի անունով է ուղարկում. այս դեպքում պետք է մաքս վճարել:

Ֆինանսների նախարարության պատասխանն է՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Միաժամանակ, Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրով հաստատված թիվ 3 հավելվածի 8-րդ կետով սահմանված է, որ Միության անդամ պետության օրենսդրությամբ՝ փախստական, հարկադիր տեղահանված կամ Միության անդամ պետություն մշտական բնակության ժամանող ճանաչված ֆիզիկական անձանց կողմից նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքների ներմուծումն ազատված է մաքսային վճարներից, եթե անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Միության անդամ պետություն մշտական բնակության ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում, եւ այդ ապրանքները ձեռք են բերվել մինչեւ ֆիզիկական անձանց՝ Միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչեւ մշտական բնակության համար Միության անդամ պետություն ժամանելու ամսաթիվը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով մշտական բնակության նպատակով ժամանող համարվելու դեպքում ՀՀ ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում, առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31